Աշխարհում համացանցից օգտվող մարդկանց թիվը գերազանցել է 3,2 մլրդ-ը: Ակտիվորեն աճում է նաև բջջային կապի բաժանորդների թիվը, նրանք ավելի քան 7,1 մլրդ են, այսինքն՝ բջջային կապի հասանելիություն ունի Երկրի բնակչության արդեն ավելի քան 95%-ը: hitech.vesti.ru-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Էլեկտրոնային կապի միջազգային միության (ITU) պատրաստած զեկույցում:
ITU-ի վիճակագրությամբ՝ նոր սերնդի լայնաշերտ ցանցերն ու բջջային ծառայություններն առավել զարգացած են Հարավային Կորեայում: Նրան հաջորդում են Դանիան, Իսլանդիան, Մեծ Բրիտանիան և Շվեդիան: Ճապոնիան 11-րդն է, Գերմանիան՝ 14-րդը, ԱՄՆ-ը՝ 15-րդը:
ITU-ի զեկույցում նաև ասվում է, որ աշխարհում մնում է 350 մլն մարդ, որոնք ընդհանրապես հասանելիություն չունեն ո՛չ համացանցին, ո՛չ բջջային ցանցերին: Նրանք, որպես կանոն, ապրում են աշխարհի ամենաաղքատ երկրներում, ինչպիսիք են Մալավին, Մադագասկարը, Եթովպիան, Էրիթրեան, Չադը:










































