Ռուսաստանի հայերի միությունը պաշտպանում է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը և խնդրում է Պետդումայի խոսնակին և Դումայի 4 խմբակցություններին պաշտպանել փաստաթուղթը։ «Ռուսաստանի հայերի միությունը ամբողջովին աջակցում է այդ օրինագծի ընդունմանը։ Մենք կարծում ենք, որ այն բխում է ՌԴ անվտանգության ամրապնդման շահերից և կոչ ենք անում պաշտպանել նման կարևոր նախաձեռնությունը։
ՌԴ-ում նման օրենք ընդունելը լուրջ և համակարգային մեխանիզմ կստեղծի Հայոց ցեղասպանության պատմական փաստերի կեղծման և աղավաղման, մամուլում ապատեղեկատվության, լրագրողներին, բլոգերներին և ամենատարբեր «փորձագետներին» ու պետական ծառայողներին կաշառելու դեմ պայքարում, ինչը թույլ կտա չմոլորեցնել ՌԴ քաղաքացիներին և չպղծել մահացած մարդկանց հիշատակը։ Այն նաև իրական հիմք է ստեղծում Թուրքիայի կառավարության նման գործողությունների կրկնությունը կանխելու համար։
Ես շնորհակալ եմ Ռուսաստանին Հայոց ցեղասպանության դատապարտման հարցում հետևողական և օբյեկտիվ դիրքորոշման համար»,- ասված է ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի ուղերձում։
Օրինագծի համաձայն, եթե Ցեղասպանությունը հերքվում է հրապարակավ, ապա նման իրավախախտման համար նախատեսվում է մինչև 300 հազար ռուբլի կամ մինչև 2 տարի ժամկետով իրավախախտի աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով տուգանք կամ մինչև 3 ժամկետով հարկադիր աշխատանք կամ ազատազրկում նույն ժամկետով։
Եթե նույն հանցանքը կատարում է իր պաշտոնական դիրքը կամ լրատվամիջոցներն օգտագործող անձը, ապա տուգանքի չափը կազմում է 100 հազարից մինչև 500 հազար ռուբլի կամ 1-ից մինչև 3 տարի ժամկետով իրավախախտի աշխատավարձի կամ այլ եկամուտի չափով կամ մինչև 5 ժամկետով հարկադիր աշխատանք կամ ազատազրկում նույն ժամկետով՝ զրկվելով մինչև 3 տարի ժամկետով կոնկրետ գործունեություն ծավալելու իրավունքից։









































