Հայաստանի անտառները 90-ական թվականների սկզբից հայտնի պատճառներով դաժանորեն հատվեցին, իսկ թե ինչ մնաց մեր անտառներից՝ մինչ այժմ էլ ոչ մի բնապահպան չի կարող կոնկրետ որևէ բան ասել, քանի որ 1991 թ. անկախության հռչակումից մինչ այսօր ազգային անտառգույքագրում ՀՀ-ում չի իրականացվել: ՀՀ անտառների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը մինչ օրս հիմնվում է 1986-1989 թթ. իրականացված ազգային անտառգույքագրման տվյալների վրա: Այն, որ 1990-ական թթ. անտառամերձ տնտեսությունների սպառած էներգիայի 50%-ը ստացվել է վառելափայտի օգտագործումից, նորություն չէ, հետևաբար նաև պարզ է, թե ինչ աստիճանի սխալներ են պարունակում ՀՀ անտառապատ տարածքների վերաբերյալ այդպիսի հնության տվյալները:
Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Հայաստանի տարածքի 11,2%-ը (334.100 հա) անտառածածկ է. այս ցուցանիշը ստացվել է 1993 թ. անտառների պետական հաշվառումից, որը կրկին հենվել է 1986-1989 թթ. կատարված վերջին ազգային անտառգույքագրման արդյունքների վրա ու կրկին վստահելի չէ, քանի որ 1989 թթ. անտառի ազգային գույքագրումից ի վեր երկրի անտառածածկի առնվազն 3-4%-ը ոչնչացվել է, ինչը նշանակում է, որ Հայաստանի անտառածածկ տարածքի ընդհանուր մակերեսը 11,2%-ից դարձել է 7-8%: Ինչևէ, 2010 թվականին ՀՀ պաշտոնական տվյալների և ՆԱՍԱ-ի տիեզերական նկարահանումների տվյալների միջև դիտված անհապատասխանության արդյունքում Հայաստանը ստիպված եղավ փոփոխություն կատարել Հայաստանի կողմից «ՄԱԿ-ի հազարամյակի նպատակների» իրագործման վերաբերյալ զեկույցում:
Այս տարի արդեն Հայաստանի անտառապատ տարածքների մակերեսը վերջապես կսկսեն հաշվարկել: Անտառապատ տարածքների մասին տվյալների ճշգրտումը կիրականացնի Մոնիթորինգի հայկական կենտրոնը` Միջազգային համագործակցության գերմանական միության աջակցությամբ (GIZ): Այդ նպատակով կենտրոնում տեղադրվել են նորագույն համակարգչային ծրագրեր, ինչպես նաև անցկացվել են վարժանքներ գերմանացի մասնագետների մասնակցությամբ:







































