Մոսկվայում ձերբակալված ընդհատակյա բանկիրները մեղադրվում են փողերի լվացմամբ զբաղվող հանցագործ խմբավորմանն անդամակցության մեջ: Խմբի տարեկան շրջանառությունը գերազանցել է 90 մլրդ ռուբլին: Այս մասին RIA Novosti-ին հայտնել է ՌԴ ՆԳ նախարարության կենտրոնական դաշնային շրջանի գլխավոր վարչության ղեկավար, ոստիկանության գեներալ-մայոր Անդրեյ Կեմենևը:
Նա հիշեցրել է, որ մի շարք բանկերում վերջերս ստուգումներ են կատարվել այդ գործի շրջանակում: ՆԳ նախարարության տվյալներով` ընդհատակյա բանկիրներին ղեկավարել է Արտյոմ Սիսակյանը, որն արդեն կալանավորված է:
«Հաստատվել է, որ ձերբակալված խումբը` Արտյոմ Սիսակյանի գլխավորությամբ, ընդգրկված էր խոշոր հանցավոր կազմակերպության մեջ և ՌԴ տարածքում զբաղվել է բանկային անօրինական գործունեությամբ: Խմբի անօրինական գործունեության հետևանքով ստացված դրամական միջոցները նստել են մեկօրյա ընկերությունների հաշվեհամարներին և ուղարկվել Կովկաս, Միջին Ասիա և Մերձավոր Արևելքի երկրներ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Նրա խոսքով` իրավապահ մարմինները հիմքեր ունեն ենթադրելու, որ հակաօրինական գործունեությանը կարող են մասնակից լինել նաև վարկային հաստատությունների աշխատակիցներ:
Կեմենևն ասել է, որ հանցագործ խմբավորման տարեկան ֆինանսական միջոցների շրջանառությունը գերազանցել է 90 մլրդ ռուբլին:
Խմբի գործունեության մասին հայտնի է դարձել մարտի կեսին: Մոսկվայի 3 բնակիչներ օգնել են վերջիններիս թղթադրամները կանխիկացնել` դրա դիմաց ստանալով գումարի 3.5 տոկոսը:
Ֆինանսական զեղծարարները օգտագործել են մայրաքաղաքի բանկերում բացված տարբեր առևտրային կազմակերպությունների հաշիվներ: Ընկերությունները գրեթե ոչ մի ֆինանսատնտեսական գործունեություն չեն իրականացրել:
«Ֆոնդսերվիսբանկ»-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են չարագործների անօրինական գործունեությունը հաստատող փաստաթղթեր: Այս մասին գործակալությանը հայտնել է ՌԴ ՆԳՆ առանձնապես վտանգավոր հանցագործների դեմ (գլխավորապես տնտեսական ուղղվածության) պայքարի վարչության օպերատիվ- հետախուզական թիվ 2 բաժնի աշխատակից Անդրեյ Մելեշկոն:









































