Դաշինք կազմելու հնարավորություն գործնականում առկա է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչքանո՞վ է հնարավոր, որ Սերժ Սարգսյանին սատարող քաղաքական ուժերը հանդես գան դաշինքով: Նա նաև հայտարարեց, որ կան ուժեր, որոնք սատարում են Սերժ Սարգսյանին:
«Նախընտրական դաշինքների քննարկման առումով դեռևս վաղ է, բայց եթե նախընտրական դաշինք, որպես այդպիսին, քննարկենք և գանք համաձայնության, պարզ է և բնական, որ քաղաքական այդ ուժերը կսատարեն և ՀՀԿ-ին, և Սերժ Սարգսյանին: Բայց դաշինքների խնդիրը դեռևս այս փուլի քննարկման հարց չէ, դրա ժամանակը դեռ կգա»,- ասաց Սահակյանը:
Համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցելու ժամանակ ՀՀ ԸՕ-ի համաձայն կուսակցությունները խորհդարանում տեղեր ունենալու համար պետք է հինգ տոկոսանոց արգելք հաղթահարեն, իսկ դաշինքները` յոթ: Հարցին, եթե ՀՀԿ համամասնական ցուցակում այլ քաղաքական ուժեր ընդգրկվեն, բայց դաշինք, այնուամենայնիվ չձևավորվի, ապա արդյոք դա նշանակում է, որ ՀՀԿ-ն վախենում է 7 տոկոս անցողիկ շեմից, Հովհաննես Սահակյանը պատասխանեց. «Ենթադրություններ չանենք, հատկապես այս ժամանակահատվածում դա այդքան էլ շնորհակալ գործ չէ: ՀՀԿ-ի դեպքում, համախմբվելու առումով մենք ոչ թե խնդիր ունենք տոկոսներ հաղթահարելու կամ 50+1 փաթեթը վերցնելու, այլ ավելի շատ՝ խնդիր ունենք, որպեսզի հասարակության մեջ ընտրությունների հանդեպ վստահության մթնոլորտ ստեղծվի»,- ասաց ՀՀԿ-ական պատգամավորը:








































