ՀՀ արտգործնախարարության նախկին աշխատակիցներ Մարթա Այվազյանը, Վլադիմիր Կարապետյանը, Կարինե Աֆրիկյանը և Առաքել Սեմերջյանը նախկին նախարար Վարդան Օսկանյանի հրամանով հեռացվեցին աշխատանքից, երբ նախագահական ընտրություններից հետո` 2008 թ. փետրվարի 24-ին, հանդես եկան հայտարարությամբ` դատապարտելով ընտրակեղծիքները, կոչ անելով զերծ մնալ հնարավոր բռնություններից և հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության սկզբունքներին: Հայտարարությունը դիտվել էր իբրև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի խախտում: Վարչական դատարանը 2008 թ. մայիսին մերժեց ԱԳՆ չորս նախկին աշխատակիցների հայցը ընդդեմ ՀՀ արտաքին գործերի նախարարության` համապատասխանաբար մերժելով նաև նախկին պաշտոններում վերականգնելու և կրած վնասները փոխհատուցելու պահանջը: Ապա դիվանագետները դիմել էին Վճռաբեկ դատարան, որը բողոքը մերժել էր, ինչից հետո էլ նրանք դիմել էին Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում երեկ փաստաբան Վահե Գրիգորյանը նշեց, որ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի բողոքում մասնավորապես ամրագրվել է, որ պետությունը խախտել է դիվանագետների արտահայտվելու ազատության իրավունքը, որ իրենք «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքով նախատեսված` արտահայտվելու սահմանափակման որևէ խախտում թույլ չեն տվել: «Հիմա Եվրոպական դատարանը հարցումներ է ուղարկել կառավարությանը դիվանագետների դիմումի առնչությամբ: Մասնավորապես, կառավարությանը հարց է ուղղվել` արդյոք որևէ իրավաչափ նպատա՞կ էր հետապնդում այդ չորս դիվանագետների արտահայտվելու ազատության իրավունքին միջամտելը, արդյոք այդ միջամտությունը օրենքի հիման վրա՞ է, և արդյոք միջամտությունը համաչա՞փ է եղել»:
Մեր հարցին, թե ի՞նչ կարող է հետևել կառավարության պատասխանին, Գրիգորյանը պատասխանեց. «Կառավարությունը պետք է պատասխանի դատարանի հարցին, իր դիտարկումներն ուղարկի փաստերի շարադրանքի վերաբերյալ, որից հետո կառավարության պատասխանը կտրամադրվի մեզ` դիմող կողմին, որի վերաբերյալ մենք մեր մեկնաբանությունները և առարկությունները ներկայացնելու հնարավորություն ենք ունենում, ինչպես նաև ներկայացնում ենք արդարացի փոխհատուցման հայցը»:








































