Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անցնող երկու օրերի ընթացքում Փարիզում հրավիրում է երկրորդ արտահերթ եվրոպական գագաթնաժողովը, այս անգամ երկրների այլ խմբի մասնակցությամբ: Փետրվարի 18-ին Մակրոնը Փարիզ էր հրավիրել Բրիտանիայի, Գերմանիայի, Դաննիայի, Իսպանիայի, Իտալիայի ղեկավարներին՝ ուկրաինական իրավիճակի և հեռանկարների քննարկման համար: Երկրորդ գագաթնաժողովի երկրների խումբը կազմում են Նորվեգիան, Հունաստանը, Ռումինիան, Չեխիան, Բալթյան եռյակը, Ֆինլանդիան, Շվեդիան, Բելգիան ու Շվեդիան:
Հրավիրված է նաև Կանադան: Ֆրանսիայի նախագահը ակտիվ փնտրուքի մեջ է, բայց այդքան էլ հստակ չէ, թե ինչ է փնտրում Մակրոնը, և ինչու՞ այսպեսասած երկրների առանձին խմբերով: Օրինակ, ինչու՞ Ֆրանսիայի նախագահը չի հրավիրում հենց այն նախաձեռնության արտահերթ գագաթնաժողով, որն իր գաղափարն է և իրականացվում է 2022 թվականից՝ Եվրոպական քաղաքական համայնք, որի իմաստը հենց եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության շուրջ քննարկումներն են:
Թե՞ Ֆրանսիայի նախագահի այսպես ասած առանձին գագաթնաժողովները վկայում են, որ ներկայումս եվրոպական համայնքի մասին խոսակցությունը ստացել է շատ հարաբերական բնույթ և գործնականում ծավալվում են գործընթացներ, որոնք տրանսատլանտյան վերափոխումների տրամաբանության մեջ են, ինչի վկայությունն է այն, որ Մակրոնը հրավիրել է նաև Կանադային: Հայաստանի համար այս գործընթացները, անշուշտ, չեն կարող չլինել հետաքրքրության առարկա, նվազագույնը հաշվի առնելով այն հարաբերությունը, որ Ֆրանսիայի հետ փորձում է կառուցել Երևանը վերջին երեք-չորս տարիներին: Կամ, գուցե ճիշտ կլինի ասել՝ Երևանի հետ փորձում է կառուցել պաշտոնական Փարիզը:
Մակրոնի որոնումների դիապազոնում Կովկասի ներգրավվածությունը, երևի թե, անխուսափելի է, բայց հարց կառաջանա, թե ինչ շեշտադրումներով ու դիտարկումներով, հաշվի առնելով ներկայիս փոփոխությունները: Խոշոր հաշվով, անցնող հնգամյակում Կովկասում աշխարհաքաղաքական շերտը կարող է ենթարկվել այսպես ասած երրորդ փոփոխության՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, 2022 թվականի ուկրաինական պատերազմից հետո՝ մինչև 2023 թվականի սեպտեմբեր, և այժմ, երբ, ըստ էության, ծավալվում է ամերիկա-ռուսական երկխոսության գործընթացը, ինչը խոստանում է բերել նոր շրջադարձերի: Ընդ որում, հատկանշական է այն, որ երրորդ շերտը Ֆրանսիան դիմավորում է մի իրավիճակում, երբ փաստացի հակաֆրանսիական դիրքավորում ունի Բաքուն, իսկ Թբիլիսի-Փարիզ հարաբերությունը առնվազն խիստ հարաբերականության դաշտում է: Այդ ֆոնին, Փարիզը ակտիվացրել է շփումներն Անկարայի հետ, որոնց կենտրոնում, սակայն Մերձավոր Արևելքն է: Կովկասը տողատակում է անկասկած, բայց ի՞նչ շեշտադրումներով:










































