Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Կասպից ծովում իրանական նավին ուկրաինական հարվածից հետո Թեհրանից հնչած այն սպառնալիքները, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա:
Sky News-ի հետ հարցազրույցում Զելենսկին հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկզբից ի վեր Իրանը նոր տեխնոլոգիաներ և անօդաչու թռչող սարքեր է մատակարարել Ռուսաստանին, այնուհետև նրանց տվել է դրանց արտադրության լիցենզիաներ:
«Նրանք հարձակվե՞լ են մեզ վրա: Կարծում եմ՝ այո: Այնպես որ, նրանք արդեն արել են դա», – ասել է նա՝ ի պատասխան լրագրողի հարցին՝ արդյոք Կիևը չի անհանգստանում, որ Իրանը կհարձակվի Ուկրաինայի վրա:
Զելենսկին հավելել է, որ հարկավոր է թույլ չտալ, որ նոր ճակատ բացվի:
«Մենք պետք է զգույշ լինենք: Մենք պետք է անենք ամեն բան, որպեսզի ոչ մի դեպքում նոր ճակատ չբացվի։ Բայց մենք պետք է ազնիվ լինենք՝ Իրանը և Հյուսիսային Կորեան արդեն հարձակվել են մեզ վրա», – նշել է նա:
Ուկրաինայի նախագահը հույս է հայտնել, որ այդ հարձակումները չեն ընդլայնվի, միևնույն ժամանակ նշելով, որ պետք է պատրաստ լինել, քանի որ պատերազմի հենց սկզբից, նրա խոսքով, Հյուսիսային Կորեան և Իրանը ռազմական աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանին՝ առանց Կիևի կողմից որևէ էսկալացիայի:








































