«Մենք չենք բարձրացնում Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց, քանի որ դա կնշանակեր բանակցությունը մտցնել փակուղի»,- հայտարարում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Սա հայտարարություն է, ըստ էության, այն մասին, որ բանակցությունը փակուղում է: Համենայն դեպս դա է հուշում պարզ տրամաբանությունը: Եթե Հայաստանը, բարձրացնելով Ադրբեջանի սահմանադրության փոփոխության հարց, բանակցությունը կմղի փակուղի, ապա տրամաբանությունը հուշում է, որ Ադրբեջանն էլ Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջ բարձրացնելով՝ ինքն է բանակցությունը մղում փակուղի:
Իսկ քանի որ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի հարցը, բարձրացնում է, և շատ վաղուց, ուրեմն բանակցությունը շատ վաղուց փակուղում է: Կամ եթե փակուղում չէ, ապա կնշանակի, որ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի պահանջները: Իրական գործընթացը, անշուշտ, շատ ավելի բարդ է, քան այս պարզ տրամաբանական վարժանքը: Իսկ բարդության «աղբյուրը» Հայաստանից ու Ադրբեջանից դուրս է: Ադրբեջանի վարքագիծը բխում է այդ աղբյուրից՝ միջազգային իրավիճակից, որն օգտագործելով, Ադրբեջանը փորձում է Հայաստանի հետ խոսել ուժի դիրքերից: Ավելի շուտ, ոչ թե փորձում է, այլ՝ խոսում:
Հայաստանը դրա հանդեպ դրսևորում է «ասիմետրիկ» դիրքավորում, այսինքն` խոսում է դիրքերից, որոնք կարող են ստանալ՝ «անուժ» բնորոշումը: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հասնելու համար ինքը անում է իրենից հասանելիքը 100 տոկոսով և մի բան էլ ավելի: Նիկոլ Փաշինյանը փորձում է դիմադրության կամ ճկունության ռեսուրս դարձնել ընդհուպ Հայաստանի հանդեպ ադրբեջանական պահանջների լեգիտիմացումը առնվազն հրապարակային խոսույթի մակարդակում: Անկախության հռչակագրի թեմայով նրա հայտարարությունները, թերևս, հենց այդ փորձն են:
Բայց կհաջողվի՞ այդ կերպ «զինաթափել» Ադրբեջանին, եթե նկատի առնենք այն, որ փորձելով «օպերատիվ» ռեժիմում այդ կերպ ստեղծել առաձգականություն, Նիկոլ Փաշինյանը, այդուհանդերձ, մյուս կողմից իր հայտարարություններով բարակեցնում է ռետինը և բարձրացնում միջնաժամկետ ռեժիմում դրա կտրվելու հավանականությունը: Փաշինյանը հազիվ թե ունենա միամտություն պատկերացնելու, թե մինչև տարեվերջ հնարավոր է լինելու կնքել խաղաղության պայմանագիր և այդ կերպ դադարեցնել ձգել բարակող ռետինը:
Այդ իմաստով, 2025-ի առաջին ամիսները կարող են լինել բավականին լարված, հաշվի առնելով առաջին հերթին այն, որ դրանք լինելու են ԱՄՆ նոր վարչակազմի՝ «ադապտացիայի» շրջան, հետևաբար միջազգային հարաբերություններում օպերատիվ մակարդակում հարցականների բազմապատկման շրջան: Դա իր հերթին կպահանջի Հայաստանի անվտանգության միջավայրի հարցում օպերատիվ կառավարման լրացուցիչ ռեսուրս:









































