Իլհամ Ալիեւի օգնական Հիքմեթ Հաջիեւը հայտարարել է, որ Բաքուն դեռեւս սեպտեմբերի 11-ին հայկական կողմին է փոխանցել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ իր առաջարկների հինգերորդ փաթեթը՝ երկու խողովակներով, սակայն մինչեւ հիմա չի ստացել պատասխան: Երեւանն օրեր առաջ հայտնել էր, որ պատասխան դեռ չի փոխանցվել: Երեւանի մոտ երկամսյա հապաղումն ըստ ամենայնի պայմանավորված է նրանով, որ ադրբեջանական նոր առաջարկները չեն պարունակում ընդունելի մոտեցումներ, որոնց վրա հնարավոր է աշխատել եւ մշակել պատասխան: Մյուս կողմից, հնարավոր է, որ սեպտեմբերի 11-ին Հայաստանին փոխանցված առաջարկում բոլորովին այլ բովանդակություն է եղել Արցախի առնչությամբ, իսկ մի քանի օր անց Ադրբեջանը դիմել է բոլորովին այլ գործողությունների եւ հայաթափել է Արցախը:
Սրանք իհարկե ենթադրություններ են, որովհետեւ ստույգ եզրակացության համար պետք է ծանոթ լինել թե սեպտեմբերին փոխանցված առաջարկներին, թե ընդհանրապես մինչ այդ արդեն իսկ փաստորեն 4 անգամ կատարված փոխանցումներին: Ըստ ամենայնի, Բաքուն հենց դրանով է «հիմնավորում» թե Գրանադա, թե Բրյուսել չգնալը՝ Երեւանից պատասխանի բացակայությամբ: Հայաստանի հայտարարությունները թույլ են տալիս ենթադրել, որ Ադրբեջանի առաջարկներն առնվազն համարժեք չեն այն համաձայնություններին, որ ըստ Հայաստանի վարչապետ Փաշինյանի ձեռք են բերվել բրյուսելյան ձեւաչափի քննարկումներում: Խոսքն այն երեք սկզբունքների մասին է, որ ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը; Այս առնչությամբ լռություն է Բրյուսելից, եւ փոխարենը հնչում են եվրահանձնակատար Բորելի հայտարարությունները Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելու, դիտորդական առաքելությունն ընդլայնելու, վիզաների ազատականացման հեռանկար դիտարկելու մասին, Ադրբեջանին հայտնելով, որ Հայաստանի տարածքային ամբողջության հանդեպ ոտնձգությունը կունենա ծանր հետեւանք:
Բաքուն անմիջապես շտապեց մեղադրել Բրյուսելին Բորելի այդ հայտարարությունների համար եւ ասել, որ դրանք կարող են սրել հակամարտությունը: Փաստացի, Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունները Ադրբեջանը փորձում է դարձնել ագրեսիվ գործողությունների առնվազն հասունացման «լեգիտիմ» առիթ: Այդ առնչությամբ հարկ է հիշել, որ Բաքուն 2020 թվականի պատերազմից առաջ էլ սկսել էր հետեւողականորեն դժգոհել միջնորդների վարքագծից եւ ասել, թե նրանք աջակցում են Հայաստանին: Այս մոտեցման կրկնությունը կարող է լինել թե պարզապես քարոզչական ինքնապաշտպանություն, եւ թե իհարկե էսկալացիայի ծրագրված նախապատրաստման քարոզչական ուղեկցում: Այդ ընթացքում, Հայաստանի ԱԽ քարտուղարը Հանրային հեռուստաընկերության եթերում պատասխանելով հարցին, թե ինչու՞ չեն ընդունում հանդիպման մոսկովյան հրավերը կամ չեն արձագանքում պատրաստակամությանը, հայտարարեց, որ Երեւանը պատրաստակամություն է հայտնում բանակցել այն հարթակներում, որտեղ ձեռք են բերվել համաձայնություններ, հիշատակելով ոչ միայն Բրյուսելը, այլ նաեւ Վաշինգտոնը: Վաշինգտոնն այսօր թերեւս բավականին շատ է զբաղված մերձավորարեւելյան, իսրայելյան խնդրով եւ անգամ Ուկրաինայի համար գտնում է համեմատաբար քիչ ժամանակ:
Բայց, Բրյուսելի մոտ էլ կարծես թե չի ստացվում արդյունավետ զբաղվել բանակցություն կազմակերպելով, ինչը կամա, թե ակամա կարող է նշանակել «բարձրացնել» խաղաղության պայմանագրի ստորագրման որեւէ շահագրգռություն չունեցող Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության արդյունավետությունը, առիթ տալով Բաքվին «պատասխանատվությունը» դնել Երեւանի վրա: Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունները ըստ էության որքան դրական են առաջին ընկալման առումով, այնքան փաստացի խնդրահարույց կարող են լինել անուղղակի, տողատակային, իրական քաղաքականության ռեժիմում: Ըստ այդմ, Բորելից ու Եվրամիությունից, Եվրոպայի Խորհրդից ընդհանրապես պահանջվում է թերեւս գործուն քայլեր Ադրբեջանի այդ տեղեկատվա-քարոզչական մանեւրի հնարավորությունը կասեցնելու, այլ ոչ թե առիթ տալու համար:








































