«Համերկրացիներ» ծրագրով այս շաբաթ Գյումրիում ՌԴ միգրացիոն ծառայությունը ընդունելություն էր կազմակերպել: Հիշեցենք, որ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմաց ծրագիրը ՀՀ քաղաքացիներին շահավետ պայմաններով Ռուսաստանի շրջաններում վերաբնակեցվելու հնարավորություն է տալիս: Ավելին՝ ծրագրի գործելուց մինչ օրս 26 հազար ՀՀ քաղաքացի է դիմել այդ ծրագրին:
Այսօր զրուցեցինք Շիրակի մարզպետարանի լրատվական վարչության պետ Սամվել Գրիգորյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչու է միգրացիոն ծառայությունը Երևանից զատ՝ իր գործունեությունը իրականացնում նաև Գյումրիում:
Նրա խոսքերով՝ ամբողջ խնդիրը նրանում է, որ Գյումրիում հյուպատոսական ծառայություն կա: «Այսինքն, եթե մենք չունենայինք այդ հյուպատոսական ծառայությունը, պետք է իրականացնեին միայն Երևանում:
Ավելին՝ սպասարկում են, ոչ միայն Շիրակը, այլև Լոռին: Այդ պարագայում,եթե Լոռիից նման խնդիր ունեցող կա՝ գալիս են Շիրակ:
Բայց, քանի որ իրենց նստավայրը Գյումրիում է իրենց գործընթացը կազմակերպել են անմիջապես Գյումրի հյուպատոսարանում»,- պարզաբանեց Սամվել Գրիգորյանը:
Մեր այն դիտարկմանը, թե շատ են Գյումրիից և Լոռիից Ռուսաստանի շրջաններ տեղափոխվողները, նա նշեց, որ մարդիկ լսել են այդ ծառայության մասին, բայց լիարժեք պատկերացում չունեն, թե դա ինչ է, հետո ինչ հետևանքների կարող է բերել:
«Բացի այդ, այնպես էլ չի, որ ով մտնի այնտեղ՝ անմիջապես կգրանցեն: Պայմանները բավականին խիստ են: Այնպես չէ, որ 10-րդ դասարանը ավարտած մարդուն կարող են վերցնել: Կրթական ցենզը շատ կարևոր և պարտադիր հանգամանք է: Հետո, կարծեմ, լեզվի իմացություն կա: Այնպես չէ՝ ով մտնի ներս, ասեն՝ լավ, եկե՛ք, գնացե՛ք»,- ընդգծեց Շիրակի մարզպետարանի լրատվականի պետը:
Իսկ այն հարցին, թե մարզպետարանը քայլեր ձեռնարկո՞ւմ է, որ կանխի գյումրեցիների տեղափոխությունը Ռուսաստանի Դաշնության շրջաններ, նա ավելացրեց.« Իհարկե՝ ոչ , որովհետև խոչընդոտելու իրավունք չունենք:
Սահմանադրությունը դա թույլ չի տալիս, քանի որ մարդուն ազատ տեղաշարժվելու իրավունք է տրված: Եթե իրավասություն ունենայինք հաստատ կանխարգելման միջոց կձեռնարկեինք»:








































