ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս օրերին մասնակցում է Համաշխարհային ամենամյա տնտեսական համաժողովին, որն անցկացվում է Շվեյցարիայի Դավոս քաղաքում: Վարչապետն այնտեղ պետք է ներկայացնի նաև ՀՀ տնտեսական հայեցակարգը և զարգացման տեսլականը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ վարչապետը Դավոսում կարևոր հանդիպումներ է ունեցել: Նա նաև կարևորեց այսպիսի համաժողովներին նման բարձր մակարդակով մասնակցությունը, քանի որ համաժողովին բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ են մասնակցում, և մասնակցությունը կարող է նպաստել վստահության միջավայրի ձևավորմանը:
«Ներդրումներ ներգրավելու համար երկիրը պետք է լինի մրցունակ: Օբյեկտիվ և սուբյեկտիվ խնդիրներին զուգահեռ, մենք կարևորում ենք նաև պետական բարձր մակարդակով վստահության միջավայրի ձևավորումը: Հեղափոխությունից հետո առկա է այնպիսի միջավայր, որ ներդրողները կարող են ակտիվ մասնակցություն ունենալ Հայաստանի տնտեսության զարգացմանը: Նման հանդիպումները կնպաստեն ներդրումների որոշակի ակտիվացմանը»,- նշեց վարչապետի խորհրդականը:
Հայաստանի տնտեսական աճի անկյունաքարը կլինի ներդրումային քաղաքականությունը. անդրադառնալով Ն. Փաշինյանի այս հատարարությանը՝ վարչապետի խորհրդականը նշեց, որ այժմ մեր երկրում ներդրումների համար որևէ խոչընդոտ չկա: Նա նաև ընդգծեց. «Ներսի ներդրողները պետք է իրենց օրինակով խրախուսեն դրսի ներդրողներին»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































