ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր առաջին անգամ կհրապարակի ամերիկյան ամենափակ հատուկ ծառայության՝ Ազգային անվտանգության գործակալության բարեփոխման ծրագրերը: Ինչպես հայտնի է դարձել երեկ, վարչակազմը ծրագրում է սահմանափակել հեռախոսային բանակցություններին և էլեկտրոնային հաղորդագրություններին հետևելու Ազգային անվտանգության գործակալության հնարավորությունները և ներմուծել օտարերկրացիների լրտեսման նոր կանոններ: Նախագահի պլանների դեմ են դուրս եկել Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենն ու Օտարերկրյա հետախուզությունների վերահսկողության հարցերով գաղտնի դատարանի (FISA) անդամները: Նրանց կարծիքով՝ բարեփոխումը կվնասի ԱՄՆ ազգային անվտանգությանը: Այս մասին հայտնում է Kommersant-ը:
Սպիտակ տունը հրաժարվել է Kommersant-ին ներկայացնել ուղերձի մանրամասները՝ հայտարարելով, որ այդ ուղղությամբ աշխատանքը շարունակվում է և վերջնական տարբերակը կհրապարակվի անձամբ նախագահի կողմից:
Սակայն անցած շաբաթ հայտնվել են առաջին արտահոսքերը դրա բովանդակության վերաբերյալ, իսկ Օբամայի՝ նախօրեին ունեցած ելույթի բարեփոխման մանրամասների մասին հայտնել են միանգամից մի քանի ամերիկյան պարբերականներ:
Ազգային անվտանգության գործակալության նախկին վերլուծաբան Էդվարդ Սնոուդենի փախուստից հետո Օբաման ստեղծել է փորձագիտական խումբ, որն անցած տարվա նոյեմբերի կեսերին Սպիտակ տանն է փոխանցել խորհուրդներ հատուկ ծառայությունների բարեփոխման մասին: Այդ առաջարկներն էլ հիմք են դարձել նախագահական ուղերձի համար: The New York Times-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը որոշել են սահմանափակել գործակալության հնարավորությունները՝ կրճատելով լրտեսման մասշտաբներն ու ներմուծելով տվյալների հավաքման նոր կանոններ:
Պարբերականի աղբյուրների հավաստմամբ՝ բարեփոխման արդյունքում պետք է կրճատվի հատուկ ծառայությունների տեսադաշտում գտնվող «թիրախների» թվաքանակը: Կկրճատվի նաև ժամանակահատվածը, որի ընթացքում պահվում են խոսակցությունների մասին տվյալները. այժմ այդ ժամանակահատվածը կազմում է 5 տարի: Նախագահի առաջարկով՝ կստեղծվի օմբուդսմենի պաշտոն, ով կստանա FISA-ի գաղտնի դատարաններում մարդու հիմնական իրավունքների պահպանման պրակտիկային հետևելու իրավունք և կկարողանա անմիջականորեն միջամտել նրանց գործունեությանը:
Kommersant-ի տվյալներով՝ հանձնաժողովի անդամներն առաջարկել են լիովին վերջ տալ ԱՄՆ մոտ դաշնակիցների լրտեսմանը՝ պահպանելով միայն ահաբեկչական սպառնալիքների, քրեական ակտիվության և զանգվածային ոչնչացման զենքի տարածման մասին տեղեկությունների հավաքման իրավունքը:
Վարչակազմում չեն ընդունել մի քանի առաջարկներ: Նախագահը որոշել է չկիսել գործակալության՝ ցանցերի պաշտպանությամբ և ցանցերի կոտրմամբ զբաղվող ծառայությունները երկու տարբեր գերատեսչությունների և չի համաձայնել, որ երկրի ամենագաղտնի հատուկ ծառայությունը պետք է ղեկավարի քաղաքացիական պաշտոնյա: Նա նաև չի ընդունել Ազգային անվտանգության գործակալության հավաքած տվյալները մասնավոր հեռուստահաղորդակցական ընկերությունների մոտ պահ տալու առաջարկը:
Որոշ տվյալներով՝ գործակալության պահոցի առավելագույն ծավալը կազմում է 27 տերաբայթ:








































