ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը 2013-ը բավական հետաքրքիր տարի է համարում, նշում, որ 2013-ին կարևոր քաղաքական որոշումներ կայացվեցին, նախ՝ տարին սկսվեց նախընտրական գործընթացով և ունեցավ շատ լավ ընթացք:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պատգամավորը նշեց, որ նախագահական ընտրություններ ունեցանք, գործող նախագահը վերընտրվեց: «Դա նաև հաջորդ հինգ տարիների համար կայուն զարգացման, ակտիվ քաղաքականություն վարելու ռեալ երաշխիք էր և հնարավորություն, որ մենք կարողանանք նաև հաջորդական գործողություններ իրականացնելիս արտաքին քաղաքականության մեջ շարունակականության մեջ դիտել մեր բոլոր ծրագրերը:
Տարին կարևորում եմ այն հանգամանքով, որ նաև ԵՄ հետ բանակցելով Ասոցացման համաձայնագրերի շուրջ՝ կարողացանք շատ արագ (բոլոր երկրները բանակցում են վեց-յոթ տարի, մենք ընդամենը երեք տարում կարողացանք) ամփոփել, մեր քաղաքական գործընթացները նաև եվրոպական հարթակներում առաջ տանել:
Տարին կարևոր էր նաև նրանով, որ հայ-ռուսական համագործակցության մեջ ունեցանք որակական նոր ձեռքբերումներ: Կարևորն այն է, որ մենք մեր որոշումը՝ արդեն վերջնական, հրապարակելով, արդեն ռեալ գործընթացներ սկսեցինք ՄՄ-ին անդամագրվելու և Եվրասիական տնտեսական միությանն անդամագրվելու ուղղությամբ»,- ասաց նա:
Զաքարյանի համոզմամբ՝ տարին կարևոր էր նաև նրանով, որ Արցախյան գործընթացում մեզ հաջողվեց պահպանել խաղաղ կարգավորման բոլոր հիմքերը՝ դրանով իսկ ՀՀ արտաքին քաղաքական շահերում որևէ՝ անգամ փոքր նահանջ կամ թերացում չարձանագրել: 2013-ը կարևոր էր նրանով, որ մենք նաև կարողացանք տարածաշրջանային բավական բարդ զարգացումների արդյունքում պահպանել Հայաստանի շահերը, տեղն ու դերը մեր երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակներում:
«Գուցե պատմությունն ավելի լավ կանդրադառնա, թե որ քաղաքական երևույթները ինչպիսի դերակատարություն ունեցան արդյունքում՝ ժամանակի ավելի լայն հատվածում, բայց միջնաժամկետ խնդիրների լուծման առումով ես տարին համարում եմ բավական արդյունավետ:
2014-ից սպասելիքները, ըստ էության, շատ ավելին են, որովհետև այն ինչ-որ առումով նախապատրաստական տարի է: Այն նաև խաղաղ գործընթացների, ավելի մեծ ջանքեր ներդնելու տարի պիտի լինի, խիստ նախապատրաստական պիտի լինի 2015-ին՝ Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին ընդառաջ:
Մենք նաև պետք է կարողանանք Եվրասիական տնտեսական տարածքում ինտեգրման քաղաքականության միջոցով նաև դրանց կիրառական-կենսական դրական ազդեցությունը տեսնել տնտեսության զարգացման, սոցիալական խնդիրների լուծման հարցում»,- նշեց նա:
Ասվածը ամփոփելով՝ Զաքարյանը նկատեց՝ 2014-ն ավելի ինտենսիվ, ակտիվ և ավելի ջանասիրաբար աշխատելու տարի պետք է լինի, որովհետև նաև հետագա զարգացումներին մենք պետք է պատրաստ լինենք: Նա հստակեցրեց. նկատի ունի դրական զարգացումները և կարծում է՝ առավելագույնս պիտի կարողանանք մեր պետության համար ստեղծել ընկալվածության և համագործակցության լայն միջավայր արտաքին հարաբերությունների մեջ:
Պատգամավորի ընտանիքում ավանդույթներն անփոփոխ են. ինչպես հայ ընտանիքների մեծամասնության դեպքում. ընտանեկան ջերմ միջավայրում դիմավորել Նոր տարին, բարեկամների հետ միասին: Բնականաբար, նաև, ինչպես ասում են, Նոր տարվա հետ նոր անակնկալների, նոր սպասելիքների համար ավելի լավ տրամադրվածություն ունենալ: «Գիտեք՝ դա շատ կարևոր է: Մարդիկ ասում են՝ լավատեսություն կամ վատատեսություն. դա տրամադրվածության խնդիր է: Ցանկացած բարդ խնդիր լուծելիս, իսկ մենք՝ հայերս, միշտ կյանքում ստիպված ենք լինում բարդ խնդիրներ լուծել՝ և՛ անհատական, և՛ աշխատանքային, և՛ պետական մակարդակներում, տրամադրվածությունը շատ կարևոր է, և ներքին հավատը: Բնականաբար՝ նաև ճիշտ մոտեցում և մասնագիտական գիտելիքներ են պետք, հակառակ դեպքում նույնիսկ ամենապարզ խնդիրը դառնում է անլուծելի և անիմաստ»,- ասաց նա:
Զաքարյանը նշեց՝ Նոր տարին նոր հույսերի, նոր՝ դրական տրամադրվածությունների, նոր էներգիայի ակնկալիքներով պետք է դիմավորել: Օգտվելով առիթից՝ նա շնորհավորեց ժողովրդին, մաղթեց խաղաղություն, անվտանգ և կայուն զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները, անձնական երջանկություն, հավատ՝ վաղվա օրվա, լավի նկատմամբ:
Պատգամավորը նաև իր խնդրանք-հորդորն ուղղեց լրատվամիջոցներին՝ նշելով, որ լրատվամիջոցներից շատ բան է կախված: «Աշխարհում միշտ էլ վատ լուրեր կան, պարտադիր չէ, որ մեր մամուլը բոլոր վատ լուրերը տպի՝ այստեղ ջրհեղեղ եղավ, այստեղ՝ պայթյուն, այստեղ՝ չգիտեմ ինչ: 2014-ին հնարավորին չափ անտեսեք աշխարհում տեղի ունեցող վատ լուրերը, մեր հասարակությանը տրամադրեք ավելի լավին, դրականին, գեղեցիկին: Աշխարհում լավն ավելի շատ է տեղի ունենում, քան վատը, բայց, ցավոք, մեր մամուլը միշտ ֆիքսվում է աշխարհում տեղի ունեցող բացասական դետալների՝ վթարների, չգիտեմինչերի վրա: Մենք այն ժողովուրդն ենք, որ մեծ պատմական ժառանգություն և մեծ փորձ ունենալով հանդերձ՝ սխալվելու իրավունք չունենք երբեք և պարտավոր ենք շատ ավելի դրական էներգիայով շարժվել առաջ»,- ասաց նա:
Ամանորի թոհուբոհին պատգամավորը փորձում է մասնակցել: Նշում է, որ սիրում է գնումներ կատարել՝ իհարկե, այնքանով, որքանով հասցնում է: Նոր տարին նա ընտանիքով հիմնականում նշում է Հայաստանում, երբեմն նաև՝ Ղարաբաղում:









































