Նախօրեին կալանավորվել է Մասիսի քաղաքապետը: Նրան նոր մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար՝ զենքի կամ նմանատիպ առարկաների գործադրմամբ: Մասիսի քաղաքապետը ձերբակալվել էր նաև թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո՝ Էրեբունիում զանգվածային անկարգության մեղադրանքով, սակայն դատարանը նրան չէր կալանավորել: Այժմ կայացվում է կալանքի որոշում: Նախօրեին կալանավորվել է նաև Գագիկ Ծառուկյանի թիկնապահ Էդուարդ Բաբայանը՝ հայտնի գործով: Հովհաննես Հարությունովը նախ հայտարարել էր, որ իրեն ծեծել են, հետո հայտարարեց, որ սայթաքել է, սակայն քրգործը հարուցվել էր ծանր մարմնական վնասվածքի հատկանիշով, և անկախ դիմումատուից՝ քննությունը պետք է ընթանա:
Հայաստանում իրավապահ համակարգի «շքերթը» շարունակվում է՝ առաջ բերելով տարբեր գնահատականներ ու մեկնաբանություններ: Դրանց շարքում շատերը թատրոն կամ տեսարաններ են որակում տեղի ունեցողը: Մյուս կողմից՝ իսկ մի՞թե որևէ մեկը սպասում էր, որ Հայաստանում իրավապահները գործ չեն ունենալու թավշյա հեղափոխությունից հետո: Իսկ ով պետք է գործ ունենար, եթե ոչ իրավապահները՝ հաշվի առնելով այն վիճակը, որում հայտնվել էր Հայաստանը անկախության 26 տարիների արդյունքում՝ համատարած աղքատություն, արտագաղթ, անիրավություն, անպատժելիություն, և այդ ամենն իշխանության ցինիկ մեկնաբանությունների ներքո:
Իհարկե, այլ հարց է, որ թավշյա հեղափոխությունից հետո միայն իրավապահները չէ, որ պետք է գործ ունենան: Եվ այստեղ, անշուշտ, կասկածից վեր է, որ գործը պետք է խեղդի պետական կառավարման բոլոր օղակներին: Սակայն խնդիրն այն է, որ մյուս օղակների պարագայում արագ արդյունքը քիչ հավանական է, շատ դեպքերում պահանջվում է ժամանակ, իսկ ահա իրավապահների աշխատանքը արագ արդյունքի տեսանկյունից նկատելի աշխատանք է: Եվ ի վերջո, մյուս ոլորտներում էֆեկտիվությունը կախված է նաև նրանից, թե իրավապահները որքան արագ կհաստատեն օրինականություն Հայաստանում՝ մեկընդմիշտ ցրելով որևէ մեկի մոտ ծվարած գայթակղությունը, թե հնարավոր է լինել և գործել օրենքից դուրս: Ու այս առումով նաև տեսարանն ունի պրակտիկ նշանակություն, որպեսզի բոլորը տեսնեն ու համոզվեն, որ իրավականությունն ու օրինականությունը այլընտրանք չունեն, և չի լինեու որևէ բացառություն:
Միևնույն ժամանակ, խնդիրն, անշուշտ, ունի իր քաղաքական համատեքստը՝ անխուսափելիորեն, և այստեղ առանցքայինն այն է, որ իրավապահները ներկայումս թավշյա հեղափոխության, այսպես ասած, ամենահամարժեք գործիքն են՝ առայժմ, քանի դեռ այդ հեղափոխությունը չունի խորհրդարանական մեծամասնություն: Այդ մեծամասնությանն, ըստ էության, փոխարինում են իրավապահները, մասնավորապես՝ վարչապետի անմիջական ենթակայության տակ գտնվող ոստիկանությունն ու ԱԱԾ-ն, որոնք էլ իրենց գործունեությամբ անուղղակի, սակայն դատախազությանը, Քննչական կոմիտեին և ՀՔԾ-ին են ստիպում գալ այդ տրամաբանության դաշտ և իրենց ուղիղ սահմանադրական պարտականությունների կատարումով դե ֆակտո ակամա, սակայն կատարելով նաև նոր իշխանության քաղաքական հենարանի դերը՝ այդ հենարանի բառի բուն իմաստով բացակայության պայմաններում:
Այլ կերպ, եթե չլիներ իրավապահների գործիքը, թավշյա հեղափոխության թիմն իշխանության գալուց հետո գործնականում կանգնելու էր պարզապես փաստի առաջ, իսկ Հայաստանը՝ կա՛մ կոլապսի, կա՛մ հին համակարգի սահուն վերադարձի:








































