«Այն տնտեսական ցուցանիշները, այն արդյունքները, որ արձանագրել ենք, արդեն իսկ մեծ հաջողություն է: Տնտեսությունը աճել է՝ դա ես չեմ պնդում, դա թվերն են ասում, դա ակնհայտ է երևում»,- այսօր, ի լուր հայոց աշխարհի հայտարարել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:
Ժամանակին ժողովրդի կյանքի, իրավիճակի լավացման վերաբերյալ նման պնդում արել է նաև հանրապետության առաջին նախագահը՝ հայտարարելով, որ կույր պետք է լինել փոփոխությունները չտեսնելու համար: Փաստորեն այս տարիների ընթացքում ժողովրդի կյանքի պայմանների լավացման առումով կուրության սինդրոմի ժառանգականություն դրսևորող գեն է ձևավորվել: Եվ դա, թերևս, իր վեցերորդ զգայարանով զգում է նաև նախարար Սուրեն Կարայանը:
Ինչ վերաբերում է տնտեսության աճին, 2016թ. առաջին եռամսյակի ցուցանիշներով տնտեսական աճը կազմում էր 5.6%, 2017թ. առաջին եռամսյակում՝ 6.6%: Ընդամենը 1%-անոց աճ, ու բնական է, որ չէր զգացվելու, առավել ևս, որ պարզ չէ, թե վաղը տնտեսական ինչ զարգացումներ են ընթանալու:
Նախարարը հաշված րոպեների ընթացքում հասցրել է Հայաստանի տնտեսության զարգացման վերաբերյալ մի քանի ոչ պակաս հետաքրքիր ու հակասական հայտարարություններ ևս անել: Նա հերթական անգամ հայտարարել է, որ այս տարի տնտեսության մեջ կարվի առնվազն այնքան ներդրում, որքան որ հայտարարվել էր ի սկզբանե: Հանրապետության վարչապետը 2017թ.-ի համար հայտարարել է ավելի քան 830 մլն դոլարի ներդրումների մասին: Դրանից հետո՝ ոչ վաղ անցյալում, պրն Կարայանը պարզաբանեց, որ արդեն հստակեցված ֆինանսական աղբյուրների շրջանակներում 460 մլն դոլարի ներդրումային ծրագրեր կան, որոնց արդյունքում կստեղծվի 5927 աշխատատեղ։ Ամենայն մանրամասնությամբ հրապարակվեց նաև, թե որ ոլորտում որքան աշխատատեղ է բացվելու:
Հիմա նա խոսում է նախատեսված 7 հազարի փոխարեն 10 հազար աշխատատեղի ստեղծման մասին, ինչը միանշանակ ողջունելի է: Բայց հանրապետության վարչապետն ընդամենը անցած ամսվա սկզբներին հայտարարեց տարվա ընթացքում միայն թեթև արդյունաբերության ոլորտում 10 հազար աշխատատեղի բացման մասին: Սուրեն Կարայանի տեղակալ Հովհաննես Ազիզյանն էլ պնդեց, որ վարչապետի հայտարարությունն իրատեսական է, քանի որ այս ոլորտում միայն 4 հազար աշխատատեղ պատրաստ է բացել վիետնամական ընկերությունը: Հետևաբար աշխատատեղերի ստեղծման քանակը պետք է տատանվեր 15-20 հազարի միջակայքում:
Մինչդեռ Սուրեն Կարայանի, իր տեղակալի և վարչապետի ներկայացրած թվերը բոլորովին տարբեր տրամաբանության տիրույթներում են, հեռու իրենց իսկ նշածներից: Հետևաբար եթե նույն թիմի երեք անդամները նույն հարցի վերաբերյալ տարբեր թվեր են «տեսնում», ապա տնտեսության աճի վերաբերյալ ժողովրդի ու նախարարի տեսլականների տարբերությունը «ըմբռնողական մոտեցման հարթությունում է»:
Ինչ վերաբերում է ներդրումներին, պրն Կարայանը հայտարարել է, որ դրանք հիմնականում կլինեն էներգետիկայի և վերականգնվող էներգետիկայի ոլորտներում: Համաձայն նախարարության կայքի հրապարակումների՝ այդ ոլորտում կներդրվի 63.5 մլն դոլար: Գրեթե նույնքան ներդրում է նախատեսվում նաև գյուղատնտեսության մեջ, մինչդեռ հանքարդյունաբերության ոլորտում կներդրվի բազմապատիկ ավելի: Արդեն հաստատվել են ավելի քան 230 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: Սա այն ոլորտն է, որ «զարգանում» է անկախ բիզնես միջավայրի ինչպիսին լինելուց: Մինչև այս կառավարությունն էլ՝ ամենալուրջ ներդրումները կատարվել են այս ոլորտում, որովհետև ամենաշահութաբեր ճյուղն է, և այստեղ ներդրումներ բերելու առումով կառավարության կողմից առանձնակի ջանքերի գործադրման կարիքը չկա: Հետևաբար այս ոլորտում սպասվելիք զարգացումների առումով կառավարությունը հպարտանալու առանձնակի հիմքեր չունի:
Նախարարը պնդում է, որ ներդրումների ազդեցությունը բնակչությունը կզգա, «երբ որ աշխատատեղեր ստեղծվեն, արդեն իսկ աշխատատեղեր ստեղծվում են, մենք բազմաթիվ անգամ հայտարարել ենք, որ խոշոր ներդրումային ծրագրեր են իրականացվում, քանի աշխատատեղեր են ստեղծվում: Նոր աշխատատեղեր երբ որ ստեղծվեն, միանգամից բնակչությունը կզգա»: Պրն Կարայանի տեղակալ Հովհաննես Ազիզյանի ներկայացմամբ՝ այս տարվա առաջին երեք ամիսներին արդեն իսկ ստեղծվել են 1800 աշխատատեղեր, որոնք հիմնականում թեթև արդյունաբերության և առավելապես ջերմոցային տնտեսության ոլորտներում են: Ընդհանուր գործազրկության ֆոնին վերոնշյալ թիվը բավականին երևացող պետք է լիներ:
Ցավոք, կատարված ոչ բարդ հաշվարկներից պարզ է դառնում, որ ստեղծված աշխատատեղերի առումով ևս ամեն ինչ այնքան էլ այնպես չէ, ինչպես ներկայացնում են կառավարության հարգելի անդամները: Իրենց կողմից ներկայացված աշխատատեղերի թիվը բազմապատիկ անգամ մեծ է իրականում բացվածների թվից: Դա ես չեմ պնդում, դա թվերն են ասում, դա ակնհայտ է երևում, ինչպես որ երևում է իրական տնտեսական աճի չգոյությունը:









































