Երեկ արդեն ամբողջովին ձևավորվեց կառավարության նոր կազմը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց իր պաշտոնում, իսկ պաշտպանության նախարարի պաշտոնն այսուհետ կզբաղեցնի նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը մեկնաբանելով այս փոփոխությունները՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նոր Սահմանադրությունը որոշակի պայմաններ է առաջադրում թե՛ պաշտպանության նախարարի, թե՛ զինված ուժերի Գլխավոր շտաբի հետ կապված. «Այսինքն՝ շատ հստակ բաժանվում են նույն ոլորտի երկու տարբեր ուղղությունները, ինչն ավելի արդյունավետ կդարձնի աշխատանքը: Եվ ես շատ հաջող եմ համարում պաշտպանության նախարարի պաշտոնում Վիգեն Սարգսյանի և Գլխավոր շտաբի պետի պաշտոնում Մովսես Հակոբյանի նշանակումները՝ որպես քաջատեղյակ անձանց»:
Ինչ վերաբերում է ապրիլյան պատերազմի ժամանակ տեղ գտած բացթողումներին և Սեյրան Օհանյանի պաշտոնանկությանը, ապա՝ «էլ ուրիշ ո՞ւմ վրա պիտի ուղղվեր սլաքը»:
Գառնիկ Իսագուլյանի կարծիքով՝ փոփոխությունը նաև նոր որդեգրած քաղաքականության արդյունք է. «Իսկ Էդվարդ Նալբանդյանի վերանշանակման մեջ պետք չէ մութ սենյակում փնտրել սև կատու: Հայաստանը վարում է ինքնուրույն քաղաքականություն, հատկապես կադրային նշանակումների առումով: Եվ ինչո՞ւ ենք մենք մեր նշանակումները վերագրում երրորդ պետություններին»:
«Սպասենք 100 օրվան, ես վստահ եմ, որ բավականին լուրջ տեղաշարժեր տարբեր բնագավառներում լինելու են, որից հետո արդեն մենք հստակ գնահատականներ կտանք: Մաղթենք նոր կառավարությանը հաջողություն, որովհետև 100 օր հետո մենք պահանջելու ենք արդեն կոնկրետ ցուցանիշներ»,- ընդգծեց Գառնիկ Իսագուլյանը:











































