Ներդրումների հարցերով ֆլորիդացի խորհրդատուն իրեն մեղավոր է ճանաչել խոշոր ընկերությունների, այդ թվում՝ Facebook-ի, LinkedIn-ի ու Groupon-ի կեղծ բաժնետոմսերով իրականացված խարդախությունների գործով: Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:
Մարտին 71-ամյա Կրեյգ Բերքմանի դեմ խարդախության մեղադրանքներ էին առաջադրվել: Նա պոտենցիալ ներդրողներին համոզել էր, որ իր ձեռնարկությունը հասանելիություն ունի ընկերությունների բաժնետոմսերին՝ մինչ դրանց բորսային շուկա դուրս բերվելը: Ստացված միջոցները՝ մոտ 13.2 մլն դոլար, Բերքմանը ծախսել էր այլ խարդախ սխեմաների ֆինանսավորման և անձնական կարիքների վրա: Նրա խարդախությունները պարզվել էին, երբ ներդրողները փորձել էին գնել բաժնետոմսերը, որոնց մասին պատմել էր Բերքմանը:
Բերքմանը գործարքի է գնացել քննության հետ, և այժմ 40 տարվա փոխարեն՝ նրան սպասվում է 8-10 տարվա ազատազրկում: Նա որպես փոխհատուցում կվճարի մոտ 20 մլն դոլար:
Ինչպես հայտնում է գործակալությունը, դատարանի դահլիճում տարեց խաբեբան արտասվել է ու ներողություն խնդրել իր ընտանիքից:
Նա օրենքի հետ խնդիր է ունենում ոչ առաջին անգամ: Մասնավորապես, Ֆլորիդայում նա թաքնվել էր վարկատուներից, որոնց պարտք էր 5 մլն դոլար:








































