Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում փոխվել է գրող Աքրամ Այլիսլիի դեմ հարուցված քրեական գործի հոդվածը: Այդ մասին հայտարարել է նրա փաստաբան Էլչին Սադիգովը:
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ՔՕ 221-րդ հոդվածով (խուլիգանություն) հարուցված քրեական գործը այժմ կշարունակվի 315-րդ հոդվածով (իշխանության ներկայացուցչին դիմադրություն կամ նրա նկատմամբ բռնության կիրառում):
Տվյալ հոդվածով նախատեսվում է մինչև 3 տարվա ազատազրկում: Այլիսլիի գործն այժմ հանձնվել է Բաքվի քաղաքային դատախազությանը: Այլիսլին ձերբակալվել էր մարտի 30-ին Բաքվի օդանավակայանում՝ Վենետիկ մեկնելու փորձ կատարելիս: Ավելի ուշ նրան ազատ են արձակել, սակայն գրողից վերցրել են երկրից չբացակայելու մասին ստորագրություն:
Սրանից առաջ հաղորդվել էր, որ Այլիսլին բաց նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում նշել էր. «Իմ հանցանքն այն է, որ ես, իբր, ավազակություն եմ արել Բաքվի օդանավակայանում, երբ պատրաստվում էի մեկնել Վենետիկյան գրական փառատոնին: Սակայն տեսագրող սարքերը որևէ նման բան չեն ֆիքսել: Բացի դրանից՝ ինձ մեղադրում են սահմանապահ ծառայության աշխատակցին այնքան ուժեղ հարվածելու համար, որի հետևանքով նրա մարմնի վրա կապտուկներ են առաջացել: Տարօրինակ համընկնումով՝ ձայնագրող տեսախցիկները նման բան ևս չեն ֆիքսել: Կարելի՞ է արդյոք համոզել որևէ մեկին, որ 78-ամյա մարդը, որը թույլ սիրտ ունի, կարող է նման քայլի դիմել սպորտային կառուցվածք ունեցող 35-ամյա երիտասարդի դեմ»:
Այլիսլին ընդգծել էր, որ երբ օդանավակայանում իրեն նման մեղադրանք են առաջադրել, նա չի էլ հավատացել, որ իսկապես կարող է գործը հասնել դատարան:









































