Սուրիկ Խաչատրյանի շուրջ ծավալված դեպքերը, թվում է՝ կասեցրին մյուս մարզպետների պաշտոնանկության ալիքը: Երեկ, սակայն, իշխանական կուլիսներում շրջանառվում էր ևս երկու անուն՝ Տավուշի և Լոռու մարզպետների անունները: Ըստ լուրերի, իշխանությունը համարում է, որ Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը թույլ է, իրեն չի արդարացնում: Եվ նախագահի ընտրությունների արդյունքներն էլ այդ թուլության հետևանքն էին:
Ընտրական արդյունքներն են նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտալուտ պաշտոնանկության պատճառը: Ազատման հրամաններն ուշացան միայն ավելորդ աղմուկ չբարձրացնելու մտայնությամբ, որպեսզի պաշտոնանկությունները չվերագրվեն ընտրություններին: Իսկ վերջին իրադարձությունները լավ առիթ են մարզպետների դասում փոփոխություններ անելու համար:
Արթուր Նալբանդյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է, որ առաջին անգամ է լսում իր հնարավոր պաշտոնանկության մասին և իրեն թույլ մարզպետ չի համարում. «Ո՞վ ասեց, որ պաշտոնում պետք է ցմահ աշխատել, ես առաջին անգամ Ձեզնից լսեցի այդ մասին… Ես չեմ կարող թույլ ղեկավար լինել, այսքանը»:









































