ԵՄ անդամ-երկրների ներկայացուցիչները պահանջել են ավելի մեծ վերահսկողություն իրենց ազգային սահմանների վրա։
ԵՄ ներքին գործերի և արդարադատության նախարարները Հաագայում արտակարգ հանդիպումից հետո դիմել են Եվրահանձնաժողովին՝ օրենսդրական միջոցառումների ընդունման խնդրանքով, որոնք թույլ կտան իրենց երկրներին հաղթահարել ներգաղթյալների հոսքը։
Ըստ գործող կանոնների՝ երկիրը, որը գտնվում է Շենգենի կազմի մեջ, իրավունք ունի փակելու իր սահմանները մինչև 6 ամիս ժամկետով, սակայն Հաագայում կայացած հանդիպմանը նախարարները պահանջել են այդ ժամանակահատվածը երկարացնել և դարձնել 2 տարի։
Հարցը կուսումնասիրվի Եվրահանձնաժողովի կողմից։
Հանդիպմանը քննարկվել են նաև ԵՄ արտաքին սահմանների պաշտպանության միջոցառումները։ Որոշ մասնակիցներ հայտարարել են, որ ԵՄ առանձին երկրների տնտեսությունը կարող է չդիմանալ ներգաղթյալների հոսքին, և կպահանջվի օգնություն դրսից։
Վերջին մեկ տարում Եվրոպա է ժամանել մոտ 1 մլն ներգաղթյալ։ Նրանք շարունակում են Եվրոպա մուտք գործել հազարներով՝ փախչելով Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում պատերազմներից ու զինված հակամարտություններից։








































