Այսօրվա ավիացիայի իրավիճակի հիմքերը դրվել են 90-ականներից: Այսօր ՀՀ ավիացիայի հարցերով կազմակերպված քննարկման ժամանակ նման համոզմունք հայտնեց Հանրային խորհրդի ավիացիայի հարցերով ենթահանձնաժողովի փոխնախագահ Իզաբելլա Մուրադյանը: Ըստ նրա՝ «Արմավիայի» խնդիրների մասին բարձրաձայնվել է մեկ տարի առաջ, սակայն մեկ տարի հետո արդեն ունենք այս գործընթացը: Մուրադյանը դժգոհությամբ նշեց, որ այն տարիներին արդեն վերացվեցին ՀՀ տարբեր ուղղություններով թռիչքները, աշխատանքից հեռացվեց ավիացիայի մասնագետ Դմիտրի Ադբաշյանը:
«Ավիացիան մեր կյանքի ճանապարհն է, որի նկատմամբ վերաբերմունքը նույնն է, ինչպիսին եղել է երկաթգծերի, քիմիական արդյունաբերության նկատմամբ»,- ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը:
Նրա խոսքով՝ սնանկացումը մի քանի նպատակ է հետապնդում: Կա սնանկացման հատուկ մեխանիզմ, երբ ուղղակի պետք է ազատվել պարտքերից: Բրիջ տեխնոլոգիայի ժամանակ ձեռնարկությունը բաժանվում է երկու մասի, մի մասում մնում են մեռած ակտիվները, իսկ մյուսում՝ առողջները, և ի վերջո այդ մեռած ակտիվները չեն մարվում: Երկրորդ տարբերակը վերակառուցումն է, երրորդը՝ ուղղակի լուծարվում է, որը ավիացիայի դեպքում անթույլատրելի է:
ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը չբացառեց, որ «Արմավիա» ավիաընկերության սնանկացման այս ճանապարհով փորձ է արվում կատարել փողերի լվացում: Ամեն դեպքում նա վստահություն հայտնեց, որ «Արմավիան» արհեստական սնանկացման է գնում, որպեսզի հետո ոլորտը տան մեկ ուրիշի: Ավիաուղիների տարեկան շահույթը առնվազն 100 մլն դոլար է:
«Ադբաշյանին ես հեռացրել եմ աշխատանքից Երևան-Մոսկվա չվերթով նապաստակներ տեղափոխելու համար, բայց քանի որ շատ հարգարժան մարդ է, ես թույլ չեմ տվել նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացվի»,- ասաց Շ. Պետրոսյանը՝ հավելելով, որ Սովետմիությունը ՀՀ-ին քայքայված ավիացիա է թողել, իսկ իր պաշտոնավարման օրոք առանց աղմուկի բացվել է Երևան-Ստամբուլ չվերթը:
Ըստ նրա՝ ներկայիս իրավիճակից դուրս գալու համար հարկավոր է արագ ստեղծել պետական մասնաբաժնով երկրորդ ավիաընկերությունը և հետագայում այն մասնավորեցնել՝ վերածելով ԲԲԸ-ի:
Բանախոսները համաձայնեցին, որ ներկայումս անհրաժեշտ է «Արմավիայում» աուդիտ անցկացնել և արտաքին կառավարման խնդիր լուծել:










































