Իտալացի գիտնականները հայտնել են, որ, հավանաբար, հաջողվել է գտնել այն կնոջ աճյունը, ով պատկերված է Լեոնարդո դա Վինչիի «Մոնա Լիզա» կտավում: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ժամանակակից տեխնոլոգիաները առայժմ թույլ չեն տալիս ստույգ որոշել՝ արդյոք իսկապե՞ս հայտնաբերված աճյունը պատկանում է Լիզա Ջերարդինին, ով կեցվածք է ընդունել Լեոնարդո դա Վինչիի համար: Հնագետները սկսել են նրա աճյունի որոնումն այն վանքում, որտեղ նա անցկացրել է իր կյանքի վերջին օրերը:
ԴՆԹ անալիզներ անելու համար հնագետները բացել են Ջոկոնդաների ընտանեկան դամբարանը: Պեղումների ընթացքում շատերի աճյուններն են գտնվել, սակայն ԴՆԹ անալիզները ցույց են տվել, որ միայն մեկինն է պատկանում Մոնա Լիզայի ապրած ժամանակաշրջանին:
Իտալիայի պատմական և մշակութային ժառանգության պետական կոմիտեն ղեկավարող Սիլվանո Վինչետիի խոսքով՝ հուղարկավորման վայրի մասին փաստաթղթերն ու գիտական հետազոտությունների արդյունքներն իրեն համոզել են, որ աճյունը պատկանում է Լիզա Ջերարդինին:









































