Բրիտանացի գիտնականների խումբը՝ Սանտ Էնդրյուսի և Էդինբուրգի համալսարաններից, հայտնում է, որ կնոջ գրավչության հիմքը էստրոգեն հորմոնն է: Գիտնականների ուսումնասիրությունը հրապարակված է Proceedings of the Royal Society ամսագրում:
Հետազոտության շրջանակներում գիտնականները լուսանկարել են 18-24 տարեկան 56 կնոջ՝ նրանցից վերցնելով մեզի անալիզ՝ դաշտանային ցիկլի նույն շրջանում էստրոգենի մակարդակի չափման համար: Նրանց լուսանկարները ցույց են տվել 15 կնոջից և 14 տղամարդուց բաղկացած կամավորների խմբի, որոնք պետք է գնահատեին նրանց գրավչությունը, կանացիություն ու առողջությունը:
Հարցման արդյունքները համեմատելով լուսանկարված աղջիկների էստրոգենի մակարդակի հետ՝ գիտնականները եզրակացրել են, որ որքան շատ է կնոջ օրգանիզմում էստրոգենը, այնքան ավելի գրավիչ ու նկատելի է նա շրջապատի համար:
«Կնոջ դեմքը նշաններ ունի, որոնք տեղեկություն են պարունակում առողջության և պտղաբերության վերաբերյալ, ինչի մասին վկայում է էստրոգենի մակարդակը,- ասում է հետազոտության հեղինակ հոգեբան Միրիամ Լոու Սմիթը:- Այդ նշանները տղամարդիկ օգտագործում են, երբ նրանք զուգընկերուհի են ընտրում»:
Նրա խոսքով՝ կնոջ գրավչության մասին խոսում են մեծ աչքերը, բարձր ճակատը, փոքր կզակը և մեծ շուրթերը, սակայն ժամանակակից կոսմետիկան փակում է տեղեկության զգալի մասը:










































