Ֆոտոլրագրության ոլորտում միջազգային մրցույթի ժյուրին իտալացի լուսանկարիչ Ջովանի Տրոիլոյին զրկել է մրցանակից, որը նա ստացել էր «Արդիականության խնդիրները» անվանակարգում։ Նա մրցանակը ստացել էր բելգիական Շարլերուա քաղաքի մասին սկանդալային նյութի համար։ Այս մասին ասվում է մրցույթի պաշտոնական կայքում։
Նա առաջին մրցանակն էր ստացել «Սև քաղաք. Եվրոպայի մութ սիրտը» ֆոտոշարքի համար։ Պարզվել է, որ նկարներց մեկն արվել է Բրյուսելի արվարձանում։ Նկարիչը խոստովանել է կեղծիքը։
Լուսանկարներն առաջացրել էին Շարլերուայի քաղաքապետի բացասական արձագանքը, որը լուսանկարչին մեղադրել էր իրականությունը կեղծելու համար: Նա պահանջել էր լուսանկարչին զրկել մրցանակից։
Համաձայն ֆոտոշարքի պաշտոնական նկարագրության՝ «Սև քաղաքը» խորհրդանշում է ողջ Եվրոպան՝ ցուցադրելով արդյոււնաբերական արտադրության կոլապսը, աճող գործազրկությունը։
Մրցանակները հանձնվել են փետրվարի կեսերին։ «Տարվա լուսանկար» անվանակարգում հաղթել է պետերբուրգցի գեյ զույգի լուսանկարը, որն արել էր դանիական Politiken թերթի լուսանկարիչ Մադս Նիսենը։








































