Երեկ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում որոշում է կայացվել մինչև ապրիլի գարնանային նստաշրջան ուժի մեջ թողնել Ռուսաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու որոշումը:
Հիշեցնենք, որ 2014-ի գարնանային նստաշրջանում ՌԴ-ի կողմից Ղրիմի «բռնակցումից» հետո ԵԽԽՎ-ն անընդունելի որակեց Ռուսաստանի Դաշնության գործողությունները միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի խարտիայի, ԵԱՀԿ Հելսինկյան ակտի, ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի կանոնակարգի խախտման տեսանկյունից:
Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի պատվիրակությունը քվեարկությունից առաջ դեռ չէր կողմնորոշվել դեմ թե կողմ քվեարկելու հարցում: Երեկոյան Հայաստանի պատվիրակությունը, բացառությամբ Արփինե Հովհաննիսյանի, ձեռնպահ է քվեարկել:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արփինե Հովհաննիսյանը պարզաբանեց՝ ինչու չի մասնակցել քվեարկությանը: «Վատառողջ լինելու պատճառով վաղ էի դուրս եկել վեհաժողովից, իսկ քվեարկությունը նախատեսված էր երեկոյան»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ոչիշխանական ուժերի երեք անդամները համաժամանակյա վատառողջության պատճառաբանությամբ՝ ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը և ԲՀԿ-ից՝ Վահե Հովհաննիսյանն ու Նաիրա Զոհրաբյանը, հրաժարվել էին հայկական պատվիրակության կազմում մեկնել Ստրասբուրգ՝ ձմեռային նստաշրջանին:








































