Բրիտանական Joy Division ռոք խմբի առաջնորդ Յեն Քերտիսի օրագրերը նրա մահից 34 տարի անց կհրապարակի Faber&Faber հրատարակչությունը՝ հաղորդում է NME-ն։ Նրա այրու՝ Դեբորա Քերտիսի կողմից պատրաստված երաժշտի օրագրերի ու երգերի ձեռագիր տեքստերի հեռապատճենային տպագրությունը վաճառքի կհանվի 2014 թվականի հոկտեմբերի 14-ին։ Գիրքը կկոչվի So This Is Permanence: Ian Curtis, Joy Division Lyrics and Notebooks։
Դեբորա Քերտիսի խոսքերով՝ նա ամուսնու ձեռագրերով զբաղվել է, երբ Joy Division-ի մենեջեր Ռոբ Գրեթոնից լսել է, որ Love Will Tear Us Apart երգը, որում նկարագրվում է ընտանեկան կյանքի թախծոտ քարացածությունը, երբ զգացմունքները մարել են, նվիրված է իրեն։ «Ես վրդովված էի, նվաստացած և քրքրեցի նրա նոթատետրերը՝ ապացույցներ փնտրելով, որ դա այդպես չէ»,- գրում է Քերտիսը գրքի նախաբանում։
Նախաբանում Դեբորան պատմում է նաև այն մասին, թե ինչպես է առաջին անգամ հանդիպել Յեն Քերտիսին, և ինչպես է փոխվել իրենց կյանքն այն բանից հետո, երբ երաժշտի մոտ էպիլեպսիայի նոպաներ են սկսվել, ինչն էլ դարձել է ծանր ընկճախտի և հաջորդած ինքնասպանության պատճառը։
Յեն Քերտիսը 1976 թվականից մինչև 1980թ. բրիտանական Joy Division ռոք խմբի առաջատարն էր։ 1980-ի մայիսի 18-ին նա կախվել էր Մանչեսթերի իր տանը։ Երգչի մահվանից հետո Joy Division խումբը դադարեցրեց իր գոյությունը, իսկ խմբի մյուս անդամները ստեղծեցին New Order-ը։





































