«Առաջին լրատվական»-ի «Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է դերասան, հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի տնօրեն Խորեն Լևոնյանը:
– Խորեն, 2012-ի հունվարից «Երևան» ստուդիայի տնօրենն եք: Այս տարի ծրագրել էիք իրականացնել վավերագրական ֆիլմերի վերականգնման, ռեստավրացիոն աշխատանքներ: Քանի՞ ֆիլմ վերականգնեցիք:
– Բազմաթիվ ֆիլմեր մաքրվում, լվացվում, ռեստավրացվում, թվայնացվում են, շատ բան ենք հասցրել իրականացնել: Ե՜վ գեղարվեստական, և՜ վավերագրական շատ ֆիլմեր կան, որոնք դեռ պետք է վերականգնվեն, բայց ես կուզենայի՝ ՙԵրևան՚ ստուդիան զբաղվեր նաև ֆիլմարտադրությամբ, դեռ չենք կարողանում, բայց հույս ունենք՝ շուտով կիրականացնենք:
– Այս տարի քանի՞ ֆիլմեր վերականգնվեցին, եթե չեմ սխալվում «Մատենադարանն» էլ վերականգնվեց:
– Հիմնականում «Մատենադարանն» է, որը պետք է ցուցադրվեր, բայց չգիտեմ՝ ինչ պատճառներով չի ցուցադրվում, գուցե ավելի լավ հաղորդումներ կան, կամ վավերագրական ֆիլմեր: Բազմաթիվ այլ ֆիլմեր էլ ենք վերականգնել:
– Թատրոնից մեծ հաշվով անցում եք կատարել հեռուստատեսություն: Հեռուստատեսությունը, շատերի բնորոշմամբ, ճգնաժամի մեջ է: Դուք, որ հեռուստատեսության խոհանոցին ծանոթ եք, ի՞նչն եք համարում ճգնաժամի պատճառ:
– Երբեք թատրոնից անցում չեմ կատարել, քանի որ հեռուստատեսությունն ինձ համար բոլորովին այլ հարթության վրա է, իսկ թատրոնը՝ այլ, ես հեռուստատեսություն այդքան էլ չեմ սիրում:
– Հեռուստատեսության ճգնաժամի մասին բոլորն են խոսում, յուրաքանչյուր շարքային քաղաքացի դժգոհում է հեռուստատեսության որակից: Ի՞նչ կարծիք ունեք հեռուստատեսության մասին:
– Նախ ասեմ, որ դժգոհող յուրաքանչյուր քաղաքացի, միևնույն է, գնում է, նայում է հեռուստացույց, հետո գնում, հարևանների հետ կիսվում են, և բոլորով բարձրացնում են, ինչքան տխմար բան կա, դրա վարկանիշը: Ներսից, իհարկե, ավելի ուրիշ տեսակ ես նայում ամենին: Իմ հայացքները շատ հաճախ, երևի 90 տոկոսով, չեն համապատասխանում հեռուստատեսության հետ:
– Մի առիթով ասել էիք, որ հեռուստատեսության որակը Ձեզ մտահոգում է, որ եթե այսպես շարունակվի, բոլորիս երեխաները կլքեն Հայաստանը: Կարելի՞ է ենթադրել, որ հեռուստատեսությունն էլ իր հերթին նպաստում է արտագաղթելուն որպես քարոզչամեքենա:
– Նախկինում թատրոնն էր, հետո ֆիլմարտադրությունը, որոնք խոսում են մարդկանց հետ, դաստիարակում են, սովորեցնում և կրթում: Հիմա 90 տոկոսով իր վրա այդ առաքելությունը վերցրել է հեռուստատեսությունը, այստեղ ջղայանության նոտաներ են սկսվում…
– Դուք «Հանրային» հեռուստատեսությամբ վարում եք «Երգ երգոց» հաղորդաշարը, որքան էլ հաղորդումը շատերի կողմից սիրված է, այնուամենայնիվ, կոնկրետ «Հանրային» հեռուստատեսության նկատմամբ դժգոհությունը մեծ է: Շատերն ասում են, որ «Հանրայինից» իրենց ակնկալածը կեղծ սերիալները և «Հայլուրի» կեղծ իրականությունը չէ: Արդյոք Ձեզ «Հանրային» հեռուստատեսությունը բավարարո՞ւմ է:
– Ինչ-որ տեղ ճիշտ եք ասում, քանի որ «Հանրայինը» մեր միակ հեռուստաալիքն է եղել, միակ ինֆորմացիոն աղբյուրը, բայց ես չեմ կարծում, որ մնացած հեռուստաընկերություններն այնպիսի բաներ են հաղորդում, որ տարբերվում են իրենց նորություններով: Բոլորս գիտենք՝ դա ինչպես է արվում, ինչ է արվում, համարյա թե բոլորը, մեկը մի քիչ պարզ, մեկը մի քիչ բարդ, մեկը մի քիչ ավելի բաց, մեկը մի քիչ ավելի փակ: Ես շատ շնորհակալ եմ «Հանրային» հեռուստատեսությանը, որովհետև իմ առաջին քայլերը հեռուստատեսությունում ես այնտեղ եմ հնարավորություն ունեցել արտահայտելու՝ սկսած ֆիլմերի թարգմանությունից, ֆիլմերը սկսեցինք թարգմանել հայերեն, սա շատ մեծ առաջընթաց եմ համարում:
Ինչ վերաբերում է հեռուստատեսության ճգնաժամին, իսկ որտե՞ղ, բացի հեռուստատեսությունից, ճգնաժամ չունենք: Ես անձամբ այդպիսի ոլորտ չեմ ճանաչում, կլինեն մի քանի սպորտային կառույցներ, որ ճգնաժամ չեն ապրում, մնացածը ճգնաժամի մեջ են, ժողովրդի վիճակն է այդպիսին: Հեռուստատեսությունները թող ճգնաժամից դուրս գան, բայց ոչ թե սերիալների և ծիծաղեցնող անմակարդակ հաղորդումների շնորհիվ:
– Սերիալում չկաք, որովհետև չեն առաջարկո՞ւմ, թե՞ այն Ձերը երբեք չի դառնա:
– Ես չեմ կարծում, որ 200-300 կամ 1000 սերիա ես պետք է լուրջ դեմքով գնամ նույն բանն անեմ, դա կնմանվի արդեն ուրիշ բանի: Կան աշխարհում լավ սերիալներ, ուժեղ դերասաններ կան, որոնք նկարվում են մինիսերիալներում, որոնք մեզ մոտ դեռ չեն ընկալվում: Կան սերիալներ, որոնք սեզոնային են, կարճ են տևում, գեղարվեստական են: Շուտով այդպիսի մի բան կլինի, ես էլ կամ, մասնակցում եմ, ձեզ հետո կհայտնենք:
– Եթե թատրոնից չեք հեռացել, այդ դեպքում ինչո՞ւ Ձեզ չենք տեսնում թատրոնում:
– Է՛, նորից այնպես եք ուզում անել, որ ես ամեն ինչ բացեիբաց խոսեմ (ծիծաղում է), բայց ես հեռու կմնամ այդպիսի բաներից, դեռ ժամանակը չի եկել այդպիսի բաներից խոսելու: Կարծում եմ` հիմա թատրոններում գտնվում են այն մարդիկ, ովքեր շատ լուրջ, իրականում շատ ուժեղ հասկանում են թատրոնից, դրա համար մենք այնտեղ երևի տեղ չունենք:
– Դուք լուրջ դեմքով կատակում եք…
– Չէ, ընդհակառակը…(ժպտում է)…
– Դուք Ձեզ քաղաքացիական հասարակության մաս համարո՞ւմ եք, վերջին տարիների զարգացումները ինչպե՞ս եք գնահատում:
– Նկատում եմ և լավ, և վատ կողմերը: Նորից գալիս ենք հեռուստատեսության խնդրին, նորից հեռուստատեսությունն է մեղավոր, որ քաղաքացին քաղաքացի չէ, չես հասկանում ով է: Քաղաքացի լինելը մեծ պատասխանատվություն է, քանի որ դու քաղաքի անուն ես ներկայացնում, ավանդույթներ, դեմքը, սա շատ մեծ պատասխանատվություն է, որ պետք է կարողանանք անել: Հայրենասիրությունն էլ դարձել է մոդա, ասում են՝ ես շատ հայրենասեր եմ, բայց չեն հասկանում՝ դա ինչ բան է, կորել է իսկական տղամարդու հայրենասիրությունը ընտանիքներից, ընկերությունից, սիրուց կտրվել, գնացել է բազմել միայն քեֆերի սեղանների գլխին:
– Ինչո՞ւ է կտրվել, որտե՞ղ են պատճառները:
– Դաստիարակության հետ խնդիրներ կան, բացի այդ, էլի հեռուստատեսության խնդիրները կա, բացի այդ՝ մարդը պետք է մի քիչ ուրիշ տեսակ լինի, իր անձի նկատմամբ այդքան էլ գոհ և վստահ չլինի, հասկանա՝ ով է, որտեղից է եկել, ինչ է ունեցել, ով ենք եղել, այլապես նեղ ռակուրսով են աշխարհին նայում…
– Գոլդ համարանիշեր, գոլդ հեռախոսահամար…
– Ու կյանքը իրենց մոտ ստացվել է:
– Անհաջող…
– Մեր պատկերացմամբ, բայց իրենց համար երջանկություն է` թող մյուսները նայեն ու նախանձեն, բայց թե ինչին նախանձեն, ինքն էլ չի հասկացել…
Անկախության սերունդը որքանով կարողացա՞վ անկախությունն ընկալել, որքանո՞վ երկիրը անկախ եղավ և որքանո՞վ կարողացանք խորհրդային անցյալից ձերբազատվել:
– Մեր սերունդը (այժմյան սերունդը մեզ հետ կապ չունի, իրենք ուրիշ մոլորակից են) պրոբլեմատիկ է, նկատում եմ տանջանք, ներվ, հիվանդություններ, մի տեսակ ուրիշ տեսակի մարդիկ են: Նոր սերունդը ազատությունը լրիվ ուրիշ տեսակ է հասկացել՝ հագնվել, մի տեղ լռվել, ապուշ-ապուշ բաներից խոսել, բայց կա դրական կողմ, մեր երիտասարդությունը լավացել է, գեղեցկացել, խելացի է դարձել: Ես կուզենայի, որ այդ մի քանի տոկոսը, որոնք մնացածից տարբերվում են, մնացածի կռռոցն իրենց վրա չազդի, շարունակեն գնալ առաջ:
Ես ելքը փորձում եմ գտնել մշակույթով, որովհետև մշակույթն է, որ ցույց է տալիս պրոբլեմ, առաջարկում լուծումներ, իսկ թատրոնը, ֆիլմը, հեռուստատեսությունը շատ մեծ դեր ունեն: Բայց այսօր մեր հեռուստատեսությամբ տեսնում ենք՝ զենքը պահեց եղբոր վրա, մորթեցին տարան, քույրը եղբոր հետ քնեց, ուրիշ խնդիր չկա՞ մեր հասարակության մեջ… կրիմինալ հասարակության մեջ ենք ապրում:








































