Բրիտանացի Ջոն Ֆոդենն ու Յանիկ Ռիդը ստեղծել են, ինչպես իրենք են ասում, աշխարհում առաջին թռչող հեծանիվը: Այն Paravelo Xplore Air կոչվող՝ տարօրինակ տեսքով եռանիվ մոտոպարապլան է, հայտնում է auto.vesti.ru-ն:
Հետաքրքիր տրանսպորտային միջոցն արդեն վաճառքի է հանվել Hammacher Schlemmer կայքում: Թռչող հեծանվի արժեքով կարելի է բավական լավ ավտոմեքենա գնել. այն արժե 32 900 եվրո:
Կառուցվածքի հիմքում ծալովի երկանիվ հեծանիվ է, որի շրջանակը պատրաստված է բարձր որակի ալյումինի ձուլվածքից: Հեծանվին հետևի մասից շարժիչով և ածխածնի մանրաթելից պատրաստված միառանցք կցասայլ է ամրացված: Շարժիչի տակ տեղադրված է պարաշյուտով պայուսակ:
Նորույթը թռիչքի ժամանակ զարգացնում է 40 կմ/ժ առավելագույն արագություն, իսկ վառելիքի բաքն ամբողջությամբ լիցքավորելիս բավարար է 120 կիլոմետրի համար:
Թռչող հեծանիվը գործարկելու համար թռչելու արտոնագիր պետք չէ. դրա կառուցվածքը նախատեսված է փոքր բարձրությունների դեպքում օգտագործելու համար և 1,2 կիլոմետրից բարձր դժվար թե հաջողվի թռչել: Գետնի վրա Paravelo-ն վերածվում է սովորական եռանիվ հեծանվի:
Արտադրողը զգուշացնում է, որ թռչող հեծանիվը կառավարելն այնքան էլ հեշտ չէ, և լավ կլինի՝ Paravelo-ն սկզբում օգտագործել փորձառու պարապլաներիստների, օդաչուների կամ հեծանվորդների հսկողությամբ:










































