Ս.թ հոկտեմբերի 26-ին Ռազմական Ոստիկանության նիստերի դահլիճում տեղի է ունեցել 2012թ. 9 ամիսների ընթացքում ՌՈ համակարգի կատարած աշխատանքների ամփոփումը: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ ՊՆ տեղակալ, պարոն Ա. Նազարյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, պարոն Խ. Ասրյանը, կայազորային ՌՈ բաժինների և կենտրոնա¬կան ապարատի բաժինների պետերը, անձնակազմը:
ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ խորհրդակցությունը բացել է ՌՈ պետ, գնդապետ Ս.Ղուկասյանը և խոսքը տվեց պարոն Խ.Ասրյանին: Վերջինս իր ելույթում նախ, բեղմնավոր և նպատակաուղղված գործունեություն է մաղթել ՌՈ ամբողջ անձնակազմին, ապա լավագույն աշխատակիցներին պարգևատրեց արժեքավոր նվերներով:
Այնուհետև իրենց սպասարկվող տարածքում առկա իրավիճակի և կատարած աշխատանքների մասին զեկուցել են կայազորային ՌՈ բաժինների ու առանձին բաժանմունքների պետերը: Նշվեց, որ դիտարկվող ժամանակահատվածում մեծ ծավալի աշխատանքներ են կատարվել զորամասերում հանցագործությունների և պատահարների նվազեցման, զինվորական կարգապահության ամրապնդման, ինչպես նաև բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավվման ուղղությամբ: Չնայած ձեռքբերումներին, հստակ շեշտվեց, որ այս առումով դեռևս զգալի աշխատանքներ կան իրականացնելու: Կայազորային ՌՈ բաժինների պետերը զեկուցեցին նաև այն պրոբլեմներն ու խնդիրները, որոնք խոչընդոտում են ծառայության առավել արդյունավետ կազմակերպմանը:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները ՀՀ պաշտպանության փոխնախարարը կարևորել է զորամասերի հրամանատարության հետ համատեղ աշխատանքը, նրանց օգնելն ու աջակցելը` որոնք էապես կբարձրացնեն մարտական խնդիրների կատարման արդյունավետությունը: Հատկապես կարևորվել է, որ զինվորական կարգապահության որակական առաջընթաց կարելի է ապահովել միայն այն դեպքում, եթե հրամանատարների հետ համատեղ զինծառայողների համար ստեղծվի բարեխղճորեն և գիտակցորեն ծառայելու մթնոլորտ:
Ռազմական Ոստիկանության պետը հատուկ կարևորել է աշխատանքների կազմակերպման այն գերակա ուղղությունները, որոնք էապես կնպաստեն ավելի դրական ցուցանիշների հասնելուն: Դրանք են. կանխարգելիչ միջոցառումների անցկացումը, ՌՈ աշխատակիցների մասնագիտական գիտելիքների խորացումը, սպասարկվող տարածքի զորամասերում օպերատիվ իրավիճակին տիրապետելը, զորամասերից ինքնագլուխ լքած զինծառայողների և հետախուզվողների հայտնաբերման աշխատանքների ակտիվացումը:
ՌՈ պետը ուշադրություն է հրավիրել նաև.
– Կարգապահական մեկուսարաններին փոխարինող նորաստեղծ կարգապահական վաշտերի արագ կազմավորման և աշխատանքների կազմակերպման վրա,
– Խիստ ուշադրություն դարձնել աշնանային զորակոչի աշխատանքների ճիշտ կազմակերպման և նորակոչիկների արդար տեղաբաշխման գործընթացի վրա,
– Լինել «նախահարձակ», որպեսզի չհայտնվենք կատարված հանցագործությունները «գրանցողի» դերում:
2012թ. 9 ամիսների ամփոփումը պետք է խթան հանդիսանա տարեվերջյան արդյունքներով հանցագործությունների և պատահարների կտրուկ նվազեցմանը:
Խորհրդակցության վերջում 2012թ. 9 ամիսների ընթացքում ՌՈ համակարգի կատարած աշխատանքների ամփոփման արդյունքներով առանձին աշխատակիցներ պարգևատրվել են:









































