Ճանաչված հոլիվուդյան դերասան Թոմ Կրուզը 50 մլն դոլարի հայց է ներկայացրել 2 հրատարակությունների դեմ, որոնք գրել էին, թե դերասանը լքել է իր դստերը,- հայտնում է TMZ-ը:
Խոսքը Bauer Publishing հրատարակչատանը պատկանող In Touch և Life & Style ամսագրերի մասին է, որոնք շապիկներին տեղադրել են դերասանի դստեր` Սուրիի լուսանկարները` դրանք զուգորդելով «հոր կողմից լքված» գրությամբ:
«Թոմը հոգատար հայր է և սիրում է Սուրիին: Նա նրա կյանքի կենսականորեն կարևոր մասն է և այդպես կլինի միշտ: Որ նա «լքված է»` անխիղճ սուտ է»,- հայտարարել է դերասանի փաստաբան Բերթ Ֆիլդսը:
Փաստաբանի խոսքով` դատը շահելու դեպքում ստացված գումարը կուղղվի բարեգործության:
Օգոստոսին Թոմ Կրուզը պաշտոնապես բաժանվեց իր երրորդ կնոջից և 6 տարեկան Սուրիի մորից` Քեթի Հոլմսից:
Դերասանը, Սուրիից բացի, ևս 2 որդեգիր երեխա ունի` Իզաբելլա Ջեյն Կրուզն ու Քոննոր Էնթոնի Կրուզը, որոնց որդեգրել է Նիկոլ Քիդմանի հետ ամուսնության ժամանակ:









































