Այսօր Ինտերնետի համաշխարհային օրն է: «Հայաստանի ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը լրագրողների հետ հանդիպմանը նշեց, որ օրվա մեջ երկիմաստություն կա: Իրականում համակարգչային ադմինիստրատորի օրն է, բայց քանի որ ադմիններն են պահպանում համակարգը, ուրեմն նաև ինտերնետի օրն է:
«Հայաստանում ինտերնետի միացումը սկսվել է 1988 թվականից: Այն ժամանակ ինտերնետ չկար, այլ արձանագրություններով աշխատող ցանցեր էին, որոնք հիմա գոյություն չունեն: 1992 թվականին տեղադրվեցին մոդեմներ, որոնք այն ժամանակ շատ թանկ էին և օգտագործվում էին միայն կազմակերպությունների կողմից, իսկ am տիրույթը գործեց 1994 թվականից, և աստիճանաբար սկսեցին գրանցվել կայքեր»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ինտերնետի անհատ օգտագործողներին, ապա այն սկսվել է 2000 թվականին, երբ կես մեգապիդ վայրկյան էր, 1 րոպեն` 15 ցենտ: Նա նաև նշեց, որ այսօր երթուղային ինտերնետի միացման մեգապիդ վայրկյանը արժե 20 դոլար` հավելելով. «Այսօր սպասարկումն իրականացվում է բաշխիչ ցանցեր ունեցող մի քանի կազմակերպությունների կողմից: Դրանք են` «ԱրմենՏել»-ը, «Օրանժ»-ը, ՎիվաՍել-ՄՏՍ-ը, նաև «Յուքոմ»-ը, որը նոր տեխնոլոգիայով լարային միացում է»:
Ներկայացնելով ինտերնետի որակական չափանիշները` Սաղյանը նշեց. «Եթե հեռախոսակապի դեպքում կա որակական չափանիշ, ապա ինտերնետի դեպքում` չկա, քանի որ մատակարարը, լինելով մրցակցային դաշտում, ձգտում է ապահովել առավելագույնը»:
Նրա խոսքով` արագագործության տեսակետից մեզ մոտ յուրաքանչյուր ընտանիքին համապատասխանում է 3 մեգապիդ վայրկյան, Կորեայում և Ռուսաստանում` 100 մեգապիդ յուրաքանչյուր ընտանիքին:
Ըստ ՀԿ փոխնախագահի` հարևան երկրների համեմատ, դինամիկայի առումով, մեր դիրքերը բավական լավ վիճակումեն, քանի որ համապատասխանում են այսօրվա գործող չափանիշներին:







































