Երեկ բավական հետաքրքրական զարգացումներ են եղել Գյումրիի քաղաքապետի պաշտոնի շուրջ սկսված զարգացումների շրջանակում: Գյումրիի օդանավակայանից թույլ չեն տվել Մոսկվա թռչել Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն` Սպարտակ Ղուկասյանին:
Սպարտակ Ղուկասյանի անունը մշտապես հայտնվել է Գյումրիում տարբեր աղմկոտ քրեական իրադարձությունների առիթով: Վերջին օրերին նա նորից ակտիվ խոսակցությունների կենտրոնում էր, քանի որ, ըստ տարբեր աղբյուրների, Սպարտակ Ղուկասյանը` այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ իշխանությունը հոր փոխարեն այլևս Սամվել Բալասանյանին է տեսնում որպես Գյումրիի քաղաքապետի թեկնածու, սպառնալիքներ է նետել Բալասանյանի ու նրա ընտանիքի հասցեին և նույնիսկ կրակել է քաղաքում:
Այդ տեղեկությունները ոստիկանությունը հերքել է, սակայն ուշագրավ է, որ հենց ոստիկաններն ու ԱԱԾ-ն էլ Սպարտակ Ղուկասյանին երեկ թույլ չեն տվել թռչել Մոսկվա` նրան ետ բերելով օդանավակայանից: Թե ինչի հետ է կապված այս ամենը` առայժմ պաշտոնական մեկնաբանություններ չկան: Եվ այն, որ դրանք չկան, վկայում է այն մասին, որ պատճառները, այսպես ասած, հեռու չեն ներկայիս զարգացումներից, այլապես իրավապահները չէին հապաղի պաշտոնական բացատրությամբ կանխել անցանկալի ենթադրությունները և վարկածները: Կամ էլ` ինչ-որ մեկին, այնուհանդերձ, պետք է եղել նման աղմուկ:
Համենայնդեպս, Գյումրիում իրավիճակը բավական հետաքրքրական ձևով է զարգանում, և կարծես թե արձանագրվում է անակնկալը անակնկալի ետևից: Սա ինչ-որ առումով նաև վկայում է այն մասին, որ իրադարձությունների զարգացման մեջ կա նաև որոշակի տարերայնություն կամ առնվազն կառավարվող տարերայնություն, որի նպատակն է թերևս սուբյեկտների համար իրավիճակը անկանխատեսելի դարձնել ու դրանով բոլորի հանդեպ վերահսկողություն պահպանել:
Մի կողմից` դա խոսում է թերևս այն մասին, որ կենտրոնական իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, մյուս կողմից էլ` դրանով այն փորձում է իրավիճակը հավասարեցնել բոլորի համար, որպեսզի ոչ միայն ինքը, այլև ոչ ոք չտիրապետի դրան: Սակայն հասկանալի է նաև, որ նման իրավիճակը, երկար ձգվելու պարագայում, ամեն ինչ կարող է հանգեցնլ քաոսի, ոչ թե այդքան անհրաժեշտ փոփոխությունների: Հետևաբար անհրաժեշտ է, որ Գյումրիում արագորեն լուծվի կառավարման խնդիրը, քանի որ խոսքը հանրապետության երկրորդ խոշոր քաղաքի մասին է, որում քաոսը կլինի ոչ պակաս ծանր, որքան Վարդան Ղուկասյանի իշխանությունն էր:









































