Քիչ առաջ Ազատության հրապարակում ավարտվեց քաղաքացիական հասարակության կազմակերպած ակցիան` ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների: Հիշեցնելով «Պահանջում ենք ազատ արձակել Կոնգրեսի երիտասարդներին» ֆեյսբուքյան նախաձեռնության պահանջները` ՀԱԿ ակտիվիստ Զառա Հովհաննիսյանն ասաց, որ հաջորդ ակցիան տեղի կունենա նախագահական նստավայրի մոտ:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ գլխավոր դատախազության մուտքի մոտ մեկնարկեց ակցիա` ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստների, որոնք դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման: Դատախազության շենքի մոտ իրենց խոսքով հանդես եկան ՀԱԿ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Լևոն Զուրաբյանը, դերասան Աշոտ Ադամյանը, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, ՀԱԿ ակտիվիստ Վարդգես Գասպարին, ՀԱԿ ակտիվիստ Զառա Հովհաննիսյանը: Ակցիային ներկա էին նաև «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «Սարդարապատ» շարժման անդամներ Գարեգին Չուքասզյանը և Ժիրայր Սեֆիլյանը:









































