ԼՂՀ նախագահական ընտրություններին առաջադրված և ընտրողների գրեթե մեկ երրորդի ձայներն ստացած թեկնածու Վիտալի Բալասանյանը դեռևս չի մտածել՝ կհամագործակցի՞ Արցախի իշխանությունների հետ, եթե իրեն, ասենք, վարչապետի պաշտոն առաջարկվի: Այս մասին նա ասաց «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:
Նրա խոսքով՝ ընտրություններին որքան էլ շատ ձայներ հավաքես, միևնույն է, ոչ Հայաստանում, ոչ էլ Լեռնային Ղարաբաղում քեզ պատասխանատու պաշտոններ չեն առաջարկի, քանի որ նման քաղաքական մշակույթ դեռևս չի ձևավորվել: «Երբ նման մշակույթ ձևավորվի, այն ժամանակ կմտածեմ: Բայց առ այսօր դեպք չի եղել, որ ԼՂՀ իշխանությունները բարձր պաշտոններ հատկացնեն մեծ թվով ձայներ հավաքած կուսակցությունների ներկայացուցիչներին: ԼՂՀ թե՛ նախկին, թե՛ ներկա նախագահները երբևիցե այդ մարդկանց համապատասխան պաշտոններ չեն տվել: Պաշտոնները բաժին են հասել «իրենց» մարդկանց»: Այնպես որ, չեմ հավատում, որ ինձ վարչապետի պաշտոն առաջարկվի»,- ասաց Վիտալի Բալասանյանը:









































