Երեկ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որոշել է, որ Գյումրիում քաղաքապետի թեկնածու է առաջադրելու Սամվել Բալասանյանին: Բալասանյանը ներկայումս պատգամավոր է, գործարար, Գյումրիում ունի գարեջրի գործարան: Բալասանյանը Հայաստանի քաղաքական դաշտի դասական ներկայացուցիչներից է, սակայն դասական ոչ թե քրեական անցյալի կամ ներկայի, այլ հարմարվողական անցյալի և ներկայիս իմաստով: Ըստ էության, նման կերպարը առավել նախընտրելի է դիտվում Գյումրիի ներկայիս քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, և ընդհանրապես քրեական անցյալով ու ներկայով հայտնի իշխանական սեգմենտի յուրաքանչյուր ներկայացուցչի ֆոնին:
Բալասանյանի թեկնածության մասին որոշման առումով երեկ շատ հետաքրքրական վիճակ էր ստեղծվել: Նախ տեղեկություն տարածվեց, որ Բալասանյանը եղել է նախագահականում և այնտեղ ստացել Սերժ Սարգսյանի հավանությունը: Սակայն անձամբ Բալասանյանը մամուլի համար երեկ անհասանելի է եղել, իսկ նրա կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, հայտարարել է, որ առաջդրման մասին որոշումը կուսակցության որոշումն է և նախագահականի հանդիպման մասին տեղեկություն իրենք չունեն: Նախագահական նստավայրից ըստ էության չեն հերքել հանդիպման փաստը, ասելով, որ Սերժ Սարգսյանը օրվա ընթացքում բազմաթիվ աշխատանքային հանդիպումներ է ունենում, որոնց վերաբերյալ չեն տրվում պաշտոնական հաղորդագրություններ:
Այսպիսով, կարծես թե նկատելի է նախագահական նստավայրի և ԲՀԿ-ի մրցակցությունը Բալասանյանի մասով որոշմանը տեր կանգնելու առումով: ԲՀԿ-ն փորձում է ցույց տալ, որ նախագահականը կապ չունի իր որոշման հետ, իսկ նախագահականն էլ փորձում է ակնարկել, որ Բալասանյանի թեկնածության վերաբերյալ ԲՀԿ-ն որոշում է կայացրել միայն Սերժ Սարգսյանի «դաբրոյից» հետո: Եթե Սերժ Սարգսյանն ու ԲՀԿ-ն ներկայումս մրցակցում են Սամվել Բալասանյանի վերաբերյալ որոշման «տերը» լինելու հարցում, ապա մյուս հարցը երևի թե այն է, թե արդյո՞ք նրանց մեջ այլևս մրցակցություն չի լինելու քաղաքապետի ով լինելու առնչությամբ:
Ըստ ամենայնի՝ մրցակցություն չի լինելու, կամ առավելագույնը լինելու է մրցակցության իմիտացիա, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և հաղթելու է համակարգը:
Իհարկե այստեղ սակայն խնդիրն այն է, որ համակարգը ինքնին ստիպված է արդեն հաղթել ոչ ավանդական մեթոդներով, որի մարմնացումն էր հանդիսանում Վարդան Ղուկասյանը: Եվ սա ինքնին զգալի փոփոխություն է, որն անկասկած թելադրված է Հայաստանում նոր իրավիճակով, ինչն էլ իր հերթին պայմանավորված է երկրում քաղաքացիական ակտիվության բարձր ֆոնով, այդ թվում և Գյումրիում, ի դեմս «Գյումրին մերն» է քաղաքացիական նախաձեռնության: Այդ ամենը իշխանությանը ստիպում են մտածել հաջողության նոր մեթոդների և մեխանիզմների մասին, հրաժարվելով հնից, ինչն արդեն իսկ կարելի է համարել հասարակության գուցե ոչ բավարար կամ լիարժեք, բայց նկատելի ձեռքբերումը:








































