Նյու Յորքի կենտրոնում այսօր բաց ցուցադրության է հանվել բոլոր մաքոքների նախահայր Enterprise-ը:Այն երբևէ տիեզերքում չի եղել և ոչ էլ նախատեսված է եղել տիեզերք արձակվելու համար: Այն ստեղծվել է որպես նախատիպ, որի վրա ամերիկյան տիեզերական NASA գործակալությունը ստուգումներ և փորձարկումներ է իրականացրել: Մաքոքը ստեղծվել է 1977 թվականին: Այն բանից հետո, երբ նմանատիպ մաքոքները սկսեցին դեպի տիեզերք թռիչք իրականացնել, Enterprise-ը սկսեց պահեստամասերի աղբյուր ծառայել:
Մաքոքը ներկայացվել է քաղաքի տեսարժան վայր դարձած՝ երկրորդ աշխարհամարտի Intrepid ավիակրի վրա, որը տեղակայված է Մանհեթենի արևմտյան հատածում: Այս մասին տեղեկացնում է Itar-Tass-ը:
Այցելուների համար կկազմակերպվի հատուկ ցուցահանդես, որտեղ կներկայացվի մաքոքի մասին 7 րոպեանոց ֆիլմ:









































