Ամասիայի տարածաշրջանում` Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի սահմանագծին, գտնվող ազգային պարկը կարող է, ամառային և ձմեռային տուրիզմի, էներգիայի արտադրության ու կլիմայի փոփոխության հետ կապված,տարածաշրջանում զարգացման նոր հնարավորություններ ստեղծել: Բնության համաշխարհային հիմնադրամը, Գերմանիայի կառավարությունը (KFW Զարգացման բանկի միջոցով) և ՀՀ բնապահպանության նախարարությունը դեռ 2008 թվականից իրականացնում են «Հայաստանի Ջավախք շրջանում պահպանվող տարածքների ստեղծում» ծրագիրը, որի աջակցությամբ ստեղծված բնության հատուկ պահպանությամբ այս տարածքը՝ «Արփի լիճ» ազգային պարկը, հանդիսանում է առաջին անդրսահմանային ազգային պարկը Հայաստանի և Վրաստանի միջև: Ծրագիրը նպատակ ունի Հայաստանում պահպանել բացառիկ կենսաբազմազանությունը Շիրակ-Ջավախք բարձրավանդակի, որը տեղակայված է Վրաստանի և Թուրքիայի սահմանի երկայնքով, միաժամանակ Շիրակի մարզում ուժեղացնելով համայնքային կայուն զարգացումը «Արփի լիճ» ազգային պարկի ստեղծման միջոցով:
Նշենք, որ Ջավախք-Շիրակ հայաստանյան հատվածը, գտնվելով հրաբխային ծագում ունեցող լեռնային բարձրավանդակի վրա, իր լեռնային տափաստաններով, ենթաալպյան մարգագետիններով, ինչպես նաև լճերով և խոնավ տարածքներով, բացառիկ է կովկասյան էկոտարածաշրջանում:
Ավելի քան 140 թռչունների տեսակ է գրանցվել այս տարածքում: 80-85 տեսակներից 7-ը համաշխարհային բնապահպանական մտահոգություն առաջացնող տեսակներ են: Ի դեպ, բնապահպանության նախարարության 2010 թվականի տարեկան հաշվետվության համաձայն` արդեն ավարտվել են «Արփի լիճ» ազգային պարկի քարտեզագրման, արտաքին սահմանների և ներքին գործառնական գոտիների սահմանների նկարագրման աշխատանքները, ինչպես նաև ազգային պարկի գրասենյակի, այցելուների կենտրոնի, հյուրատան, ավտոտնակների և պահակատան շինարարական աշխատանքները, իսկ ներկա փուլում իրականացվում են ներքին հարդարման աշխատանքները: Նշենք, որ ՀՀ բնապահպանության նախարարության և Գերմանիայի KFW բանկի կողմից արդեն հաստատվել են նաև «Արփի լիճ» ազգային պարկի պահպանման գոտու համայնքների զարգացման առաջնահերթ փոքր ծրագրերը: