Ընդդիմությունն ապահովագրված չէր խորհրդարանական մի քանի ուժերի նախաձեռնած երեկվա ստորագրահավաքի ձախողումից, որի նպատակը «Հարսնաքարի» հայտնի միջադեպի կապակցությամբ հուլիսի 17-ին ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելն էր: «Առաջի լրատվական»-ի հետ զրույցում ասաց Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության անդամ, ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանը:
«Սա ընդդիմադիր ուժերի արած առաջին քայլն էր: Հուսով եմ, որ ամեն բան աստիճանաբար հունի մեջ կընկնի, և մյուս փորձերն ավելի հաջող ընթացք կունենան»,- ասաց նա:
Հարցին՝ գլխավորապես ո՞ւմ մեղքն էր, որ անհրաժեշտ 44 ստորագրություններն այդպես էլ չհավաքվեցին, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Այս մասին չեմ ուզում խոսել, քանի որ չեմ ուզում ասածներովս խոչընդոտել դեպքերի հետագա զարգացումներին»:
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ նախաձեռնության ժամանակ 44 ստորագրություն այդպես էլ չհավաքվեց: Այսպիսով, «Հարսնաքարի» հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար արտահերթ նիստ չի հրավիրվի, քանի որ հավաքվել է ընդամենը 21 ստորագրություն։









































