Իրանական Fars News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանը փակելու է Հորմուզի նեղուցը, որպեսզի նորից բացի այն: Այս մասին երեկ հայտարարել է իրանցի պատգամավոր Ջավադ Քարիմի Գոդոուսին:
Վերջինիս խոսքերով՝ 250 պատգամավորներից 150-ը ստորագրել են Հորմուզի նեղուցի փակման օրենքը, և մնացյալ պատգամավորների ստորագրությունից հետո այն ներկայացվելու է խորհրդարանի վավերացմանը: Ըստ այդ օրինագծի՝ Իրանը փակելու է Հորմուզի նեղուցը, սակայն Արևմուտքին ուղղված 14 նախապայմանի բավարարման դեպքում Իրանը նորից բացելու է այդ նեղուցը:
Պատգամավորը թվարկել է 14 նախապայմաններից միայն երկուսը. Իրանի հանդեպ սահմանված պատժամիջոցների չեղյալ հայտարարումը և նեղուցով անցնող եվրոպական ու ամերիկյան նավերի փոխադրած նավթի երեք տոկոսի չափ վճարում: Օրական մոտ 16 միլիոն բարել նավթ է անցնում Հորմուզի նեղուցով:









































