Այսօր` հուլիսի 11-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է News.armeniatv.com-ը` հղում անելով ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին:
Ժամը 19:40-ի սահմաններում Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի բնակիչ, 54-ամյա Գագիկ Սմբատյանը, վարելով «Մերսեդես» մակնիշի 12 ԼՏ 003 համարանիշի ավտոմեքենան, Երևան-էջմիածին ավտոճանապարհի` դեպի Զվարթնոց թաղամաս տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի 3-րդ շենքի բնակիչ, 14-ամյա Աշոտ Կարապետյանին:
Վրաերթից հետո վարորդը փախուստի չի դիմել, իր մեքենայով երեխային տեղափոխել է Վաղարշապատի բժշկական կենտրոն:
Բժշկական կենտրոնում ֆոտոլրագրողին հայտնել են, որ երեխան ստացել է գլխուղեղի սալջարդ, կրծքավանդակի և որովայնի փակ տրավմա և երեխան իրենց մոտից տեղափոխվել է Երևանի թիվ 3-րդ հիվանդանոց:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Գ.Սմբատյանը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեի Էջմիածնի հարկային տեսչությունում` որպես ավագ տեսուչ:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ:
Վրաերթի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում է Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Վաղարշապատի քննչական բաժանմունքի քննիչ Հայկ Մանանդյանը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանման տարածք: Փաստի առթիվ քննիչ Հ.Մանանդյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի







































