Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի նորանշանակ վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլին «Մաեստրո» հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ծանոթ չէ Բիձինա Իվանիշվիլի քաղաքական գործչի հետ.
«Ես կազմել եմ Բիձինա Իվանիշվիլիի վերաբերյալ իմ հայացքը: Ես նրա հետ հարաբերություններ եմ ունեցել ոչ թե որպես քաղաքական գործչի, այլ՝ բարեգործի հետ: Ես նրան հաճույքով օգնել եմ ժողովրդի համար նրա կատարած բարի գործերում: Եվս մեկ անգամ կրկնում եմ, ես նրա հետ ծանոթ չեմ՝ որպես քաղաքական գործչի:
Քաղաքական տեսանկյունից ես կարող եմ գնահատել նրանց, ովքեր հավաքվել են նրա շուրջ: Ես երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ նրանց, և ինձ մոտ առկա է հստակեցված դիրքորոշում նրանց նկատմամբ, որն ըստ իս՝ համընկնում է Վրաստանի բնակչության դիրքորոշման հետ:
Մենք կազմել ենք Վրաստանի տնտեսական զարգացման պլանը առաջիկա 4 տարիների համար: Ինչ վերաբերում է նրան, թե ով կլինի Վրաստանի վարչապետն ընտրություններից հետո, ապա այդ հարցի պատասխանը կտա վրաց ժողովուրդը: Եթե նա ցանկանա, որ մեր ծրագրի իրագործումը շարունակվի, ապա նա կաջակցի մեզ:
Վերջնական ընտրությունը ժողովրդինն է: Ներկայումս մենք հասել ենք նրան, որ ժողովրդի 80 տոկոսը վստահում է վրացական ոստիկանությանը, և Վրաստանը դարձել է Եվրոպայի ամենաանվտանգ երկիրը»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Իվանիշվիլին հայտարարել էր, որ Վանո Մերաբիշվիլին Սաակաշվիլիի կառավարության ամենաբանիմաց անձանցից մեկն է:









































