ԱՄՆ քաղաքացուն, որը Թաիլանդում դատապարտվել էր 2,5 տարվա ազատազրկման թագավոր Պումիպոն Ադուլյադետի արժանապատվությունը վիրավորելու համար, թագավորը ներում է շնորհել, և նա ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է newsru.com-ը` հղում անելով տղամարդու փաստաբանին:
55-ամյա Լերպոնգ Վիչայկամատին ձերբակալել էին 2011-ի մայիսի վերջին` մեղադրելով ինտերնետի միջոցով միապետի ինստիտուտը վիրավորող տեղեկություններ տարածելու մեջ:
Այդ ժամանակ օրինախախտին ձերբակալել էին և հրաժարվել գրավի դիմաց ազատ արձակել: Այդպիսով` նա կալանքի տակ է մնացել ավելի քան մեկ տարի:
Վիչայկամատը վերջին 30 տարում բնակվել է ԱՄՆ-ում և հայրենիք վերադարձել միայն 2010-ին: Դատական գործընթացի ժամանակ նա պահանջել է, որ իրեն դիմեն ամերիկյան անունով` Ջո Գորդոն:
Միապետը Թաիլանդում համարվում է աստվածային ծագմամբ անձ, որին վիրավորելը լուրջ հանցագործություն է: Դրա համար նախատեսվում է երկարատև ազատազրկում`ընդհուպ մինչև 22 տարի:









































