Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը, չնայած ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ բանագնաց Քոֆի Անանի հայտարարությանը, չի կարծում, թե նրա ծրագիրը տապալվել է:
«Ամենամեծ խոչընդոտն այն է, որ շատ երկրներ չեն ցանկանում, որպեսզի ծրագիրը բարեհաջող ավարտվի: Նրանք առաջարկում են քաղաքական աջակցություն և շարունակում են սիրիացի ահաբեկիչներին մատակարարել զենք և գումար»,- հայտարարել է Ասադը գերմանական ARD հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Մասնավորապես, նրա խոսքերով, ահաբեկիչներին աջակցում են Սաուդյան Արաբիան և Կատարը: Բացի այդ, Թուրքիայի իշխանություններն «առաջարկել են նյութա-տեխնիկական օգնություն մաքսանենգության դեպքում», իսկ ԱՄՆ-ը քաղաքական աջակցություն է ցուցաբերում ընդդիմադիրներին:
Ասադը նաև հերթական անգամ հերքել է իր հրաժարականի հավանականությունը: «Նախագահը չպետք է փախչի ազգային խնդիրներից»,- ասել է Ասադը, որի խոսքերը մեջբերում է Deutsche Welle-ն:










































