Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի այն հայտարարությունը, թե Ֆրանսիան դժվար «հարություն տա» Հայոց Ցեղասպանությունը քրեականացնող օրինագծին, չի արտահայտում այդ երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի տեսակետը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արևմտյան Եվրոպայում ՀՅԴ համանախագահ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը:
«Դա արտաքին գործերի նախարարության մեկնաբանությունն է այսինքն՝ կառավարության և նախագահի կեցվածքը չէ: Մենք գիտենք, թե ինչ պայմաններում են արված այդ հայտարարություները, այսինքն, որ Դավիթօղլուն եկել էր Փարիզ»,- ասաց նա:
Ֆրանսիայի արտգործնախարարի այս հայտարարությանն արագ արձագանքել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդը, հանդես եկել հայտարարությամբ և նախագահ Ֆրանսուա Օլանդին կոչ արել շտապ ընդունել հայ համայնքի ներկայացուցիչներին ու քննարկել հարցը:
«Մենք պահանջեցինք, որպեզի նախագահը հստակեցնի իր կեցվածքը, և մենք հավատում ենք, որ նա այս հարցում պիտի հակասի արտաքին գործերի նախարարի տեսակետներին: Ֆրանսիայի պաշտոնական կարծիքն ու կեցվածքը նախագահն է ներկայացնում: Նախագահը մեզ դրանից մի քանի օր առաջ խոստացել էր, որ պիտի շարունակի օրենքի քվեարկության ուղղությամբ աշխատանքները»,- նշեց Փափազյանը՝ հավելելով, որ հայ համայնքը դատապարտել է արտգործնախարարի այն կեցվածքը, որ նախագահի խոստումներին հակառակ հայտարարություններ է անում: Նա միաժամանակ նշեց, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդն առաջիկայում ժողով է գումարելու՝ քննարկելու օրինագծի քվեարկության հարցերը:
Հարցին, թե արդյոք արտգործնախարարի այդ հայտարարությունը չի՞ վկայում, որ Ֆրանսիան փոփոխում է իր քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, Մուրադ Փափազյանը պատասխանեց. «Մարտավարության փոփոխություն չկա»:









































