Abc.az-ի փոխանցմամբ՝ նավթի համաշխահային գների վերջին անկման պատճառով Ադրբեջանի օրական կորուստները հասել են 20 միլիոն դոլարի:
Երեկ Լոնդոնում մեկ բարել Brent նավթի գինը նվազել է 3.46 դոլարով՝ կազմելով 89.23 դոլար: Արդեն երկու տարի է, ինչ այդ նավթի գինը չի ընկել 90 դոլարից: Ամերիկյան շուկան ակնթարթորեն արձագանքեց այդ փոփոխությանը. մեկ բարել WTI նավթի գինը նվազեց 3.25 դոլարով՝ հասնելով 78.2 դոլարի:
Ադրբեջանի բյուջեն ակնհայտորեն տուժում է այս ամենից: 2012 թվականի Ադրբեջանի բյուջեն խարսխված է «մեկ բարել նավթի համար 100 դոլար» հաշվարկի հիման վրա: Այս տարի նավթի գների թանկացման ժամանակ Ադրբեջանն իր մեկ բարել նավթը վաճառում էր 115 դոլարով, մինչդեռ ներկայումս ստիպված է դա անել 90-91 դոլարով: Իսկ դա նշանակում է, որ օրական կորուստը կազմում է մինչև 20 միլիոն դոլար:
Ադրբեջանն իրական կորուստներ կկրի այն դեպքում, եթե Brent-ի գներն ընկնեն 83-82 դոլարից՝ մեկ բարելի դիմաց: Սակայն դա չի կարող Ադրբեջանում առաջացնել դեֆոլտ կամ ճգնաժամ, քանի որ Ադրբեջանն ունի համապատասխան պաշարներ:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա մայիսի կեսերին բրիտանական The Economist պարբերականը գրել էր, թե Ադրբեջանի նավթային պաշարները սպառվելու են 2028 թվականին:











































