Լոնդոնում Էկվադորի դեսպանատան դռների մոտ հերթապահող ոստիկանության սպան պատրաստ է կալանավորել հայտնի WikiLeaks կայքի սկանդալային հիմնադիր Ջուլիան Ասանժին: Ավելի վաղ նա խախտել էր տնային կալանքի պայմանները` թաքնվելով դեսպանատանը: ABC-ի տեղեկություններով` Սքոթլանդ-յարդում հայտարարել են, որ քաղաքական ապաստանի տրամադրումը Ասանժին չի փրկի բրիտանական օրենսդրությունը խախտելու պատասխանատվության կրումից:
Ոստիկանության ներկայացուցիչներն ընդգծել են, որ հենց Ասանժը լքի էկվադորյան դեսպանատան շինությունը, նրան անհապաղ կկալանավորեն:
Հիշեցնենք, որ 2010թ . WikiLeaks-ի հիմնադրին տնային կալանքի տակ թողնելու պայմաններից մեկը եղել է ամեն օր` ժ. 22.00-08.00-ն «նախապես սահմանված ժամին նախապես սահմանված հասցեում գտնվելը»:
Ասանժը հունիսի 19-ին հայտնվեց Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը` խնդրելով իրեն քաղաքական ապաստան տրամադրել: Էկվադորի իշխանությունները պետք է այդ հարցով որոշում կայացնեին 24 ժամվա ընթացքում:
Մինչ որոշման կայացումը Ասանժը պետք է գտնվի «այդ երկրի պաշտպանության ներքո», բրիտանական ոստիկանությունն իրավունք չունի մուտք գործել Էկվադորի դեսպանատան տարածք:








































