Պարոն Օբամա, խնդրում եմ՝ ներեք, որ Ձեր՝ ժողովրդավարական երկրի նախագահի վարքուբարքը համեմատում եմ ժողովրդավարության չափազանց ցածր մակարդակ ունեցող հայաստանյան իշխանավորների եւ նրանց որդեգրած ավանդույթների հետ, բայց պիտի նշեմ, գուցե օրինակ վերցնեն…
Այս տարվա ապրիլին, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնական այցով մեկնել էր Կոլումբիա, նրան ուղեկցող հատուկ ծառայությունների աշխատակիցները հյուրանոց մարմնավաճառներ էին բերել: Նրանցից մեկը` ուղեկցորդուհու ծառայություններ մատուցող Տանյան, չստանալով պայմանավորված գումարը, աղմուկ էր բարձրացրել: Միջադեպը հարթվել էր տեղական ոստիկանության միջամտությամբ: 12 թիկնապահներն ու 10 զինվորականները հետ էին ուղարկվել երկրից: Եվ ահա մարմնավաճառների հետ կապված այդ սկանդալի պատճառով նախագահ Բ. Օբաման, ԱՄՆ վերադառնալուն պես աշխատանքից հեռացրել էր իր անվտանգության 12 աշխատակիցների, այդ թվում՝ երեք թիկնապահների: Ընդ որում՝ նրանք պարզապես չէին հեռացվել. նրանց գործի նախաքննությունն իրականացնելու էր ԱՄՆ Կոնգրեսի հատուկ հանձնաժողովը, քանի որ դեպքը կարող էր սպառնալիք լինել ԱՄՆ-ի նախագահի անվտանգության համար: Երբ «Ազատություն» ռադիոկայանից տեղեկացանք այս լուրի մասին, մեկ անգամ եւս համոզվեցինք, թե ինչ լուրջ երկիր է ԱՄՆ-ը: Բնական է, որ նախագահի անվտանգության խնդիրն է առաջնային եղել, բայց դրանով նաեւ հասկանալի է դառնում, որ նույնիսկ օտարազգի մարմնավաճառին «քցելն» է ԱՄՆ-ում պատժելի. օգտվել ես՝ վճարի, իսկ եթե սխալ ես՝ մի քանի դոլար պակաս ես տվել, ուրեմն անկախ նրանից, թե ում իրավունքն ես ոտնահարել, պիտի պատժվես… Եվ Կոլումբիայի մարմնավաճառները ավելի զորեղ էին գտնվել ԱՄՆ նախագահի՝ անպատասխանատու թիկնապահներից, քանի որ օրենքի երկրում այդպես էլ պետք է լիներ:
Իսկ ինչպես է մեզ մոտ՝ Հայաստանում: ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնապահ Կուկուն, օրը ցերեկով ծեծելով մահվան դուռ հասցրեց իր շեֆին մի արտահայտություն ուղղած Պողոս Պողոսյանին, ու դրանից հետո ընդամենը աղմուկը շարունակվեց մինչեւ «կկվի ձեն ածելը»… Եվ դուրս եկավ, որ Կուկուն հանցագործ չէ: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի (Դոդի Գագոյի) երկու թիկնապահները տարիներ առաջ կրակոցներով սպանեցին շեֆի տան մատույցներում հայտնված ՌԴ քաղաքացի ռուս զինծառայողին, ու թեեւ մի քանի ամիս նրանք մնացին կալանքի տակ, սակայն արագ ազատ արձակվեցին այն հիմնավորմամբ, որ թիկնապահը կրակոցներն արձակել է փաստական սխալի հանգամանքներում: Այլ կերպ ասած՝ ռուս զինծառայողներից մեկը գարեջրի շիշ էր նետել նրանց կողմը, թիկնապահներից մեկն էլ, կարծելով, թե զինվորական են եւ գցածը կարող է նռնակ լինել, կրակել էր ռուս զինծառայողների շարժվող մեքենայի ուղղությամբ եւ սպանել: Բայց Դոդի Գագոյի այդ թիկնապահներն այժմ աճում ու բարգավաճում են: Այս տարվա մայիսին էլ նույն Գ. Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանն էր հայտնվել մամուլի ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք, որ մամուլի տեղեկությունների համաձայն՝ մայիսի 7-ին Գ. Ծառուկյանի թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանը (Դոդի Էդոն) Mercedes Sprint մակնիշի միկրոավտոբուսի մի վարորդի դաժան ծեծի էր ենթարկել՝ մեքենան կանգառից դուրս չհանելու համար: Արկադի Գրիգորյանին ծեծողները պահանջել էին լռի ու չբողոքի, նա էլ՝ ասել էր՝ թեման փակված է, սակայն աբովյանցիները աղմուկ էին բարձրացրել: Արդյունքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հրահանգել էր շատ արագ բացահայտել միջադեպի շարժառիթները եւ գտնել մեղավորներին: Ոստիկանությունը տուժածին տվել էր դատաբժշկական փորձաքննության ուղեգիր: Սակայն հետո թերթերից մեկը ոստիկանության մամլո ծառայությունից տեղեկացել էր, որ գործի ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ «Դոդի Էդո» մականունով մարդ գործով չի անցնում եւ հավելել. «Հրապարակման հետ կապված ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկել ու պարզել է, որ մայիսի 7-ին, ժամը 14.00-ի սահմաններում Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղում վիճաբանության ժամանակ ոմն Հակոբը մարմնական վնասվածքներ է պատճառել Արկադի Գրիգորյանին, որը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին, հաղորդում ընդունվել… Ոմն Հակոբի անձը ճշտված է, պարզվում են դեպքի հետ կապված մյուս հանգամանքները…»:
Օրերս էլ «Հարսնաքարի» դեպքը մեծ աղմուկ հանեց. ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի ընտանիքի անդամներին պատկանող ռեստորանում մատուցողի հետ ունեցած թեթեւ խոսակցությունից հետո ծեծի էին ենթարկվել զինվորական երկու բժիշկներ: Վերջիններիս, ըստ նախնական տեղեկությունների՝ ծեծել էին Ռ. Հայրապետյանի անվտանգության աշխատակիցները: Տուժողներից մեկը ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի հոսպիտալի Ուռոլոգիայի բաժնի պետ, մայոր Վահե Ավետյանն է, իսկ մյուսը՝ Արտակ Բայադյանն է: Վահե Ավետյանը տեղափոխվել էր Մուրացանի զինվորական հոսպիտալ եւ գիշերը ենթարկվել գանգուղեղի վիրահատության: Բժիշկները Ավետյանի վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից հայտնել էին, որ դեպքի առթիվ հարուցվել է քրգործ քր.օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ առողջությանը ծանր մարմնական վնասվածք հասցնելը: «Առաջին լրատվական»-ի տեղեկություններով, արդեն 4 անձ ձերբակալվել է: Թե ինչ կարգավիճակ եւ ազատության ինչ աստիճան կունենան այդ անձինք ցույց կտա ժամանակը: Իսկ ընդհանրապես Հայաստանում նույն այդ քաղաքական գործիչներին, իշխանավորներին խոցելի են դարձնում նաեւ նրանց հարազատները. ընտրությունների ժամանակ լրագրողների նկատմամբ բռնություն են գործադրում, օրը ցերեկով՝ խանութի պահարանների արանքում աղջիկ բռնաբարում, մարդկանց վրաերթի ենթարկում ու դրա համար ոչ ոք պատասխան չի տալիս:
Հ.Գ. Սա էլ մեր ու ԱՄՆ-ի մեծ տարբերությունը. նրանք նույնիսկ օտար երկրի՝ չվճարված մարմնավաճառի իրավունքն են հարգում, իսկ մեզ մոտ՝ նույնիսկ ազգանվեր գործ անող բժիշկների ու շարքային աշխատավորի կյանքի իրավունքը չի հարգվում: Ստացվում է՝ անիմաստ տեղը մարդկանց սպանելու, մահվան դուռ հասցնելու համա՞ր են փող տալիս թիկնապահներին: Եթե այո, ապա իշխանության մեջ սակավամիտների պակաս չունենք…









































