Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը և Ռուսաստանը նորից չեն կարողանում պայմանավորվել Վրաստանի հարցում: Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հայտարարել է ԱՄՆ փոխպետքարտուղար Ուիլյամ Բըրնսը:
Վերջինիս խոսքերով՝ Վաշինգտոնն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների շրջանակներում: Բըրնսը հատուկ ուշադրություն է հրավիրել Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի անդամակցությանը՝ ընդգծելով, որ չնայած Ռուսաստանի հետ ունեցած տարաձայնությանը՝ Վրաստանն աջակցել է ԱՀԿ-ին Ռուսաստանի անդամակցությանը:
Բըրնսը հավելել է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև կան նաև տարաձայնություններ հակահրթիռային պաշտպանության ու Սիրիայի հարցերում: Բըրնսի խոսքերով՝ հակահրթիռային պաշտպանության համակարգն ուղղված է ԱՄՆ եվրոպական գործընկերների անվտանգությանը:









































