Հունիսի 20-ին Արտակ Զաքարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը: Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը ներկայացրել է 2012 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրված «Ջրամատակարարման և ջրահեռացման սեկտորի ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը:
Վերջինիս նպատակն է ապահովել ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավմանն ուղղված միջոցառումների շարունակականությունը, հասանելի և կայուն դարձնել ծառայությունների մատուցումը, նորոգել, փոխարինել և ընդլայնել ծրագրի շրջանակներում ընդգրկված 18 քաղաքում և 92 գյուղական համայնքում ջրամատակարարման բաշխիչ ցանցերը:
Անդրանիկ Անդրեասյանը նշել է, որ համաձայնագրի համաձայն` վարկի տրամադրման ժամկետը 32 տարի է. ծրագիրը ենթադրվում է ավարտել մինչև 2017 թվականի ապրիլի 30-ը:
Քննարկված համաձայնագրին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:







































